26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի պատիվ Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ այսօր երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միշել Աունը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են Հայաստանի և Լիբանանի միջպետական հարաբերություններին, որոնք, ըստ նախագահների, առանձնանում են հատուկ ջերմությամբ ու բարեկամական ոգով: Սերժ Սարգսյանը և Միշել Աունը խոսել են նաև երկու ժողովուրդների ընդհանուր պատմության, միասնաբար հաղթահարված դժվարությունների և հոգևոր-մշակութային մտերմության բազմաթիվ թելերով միահյուսված ճակատագրերի մասին:

«Հայ-լիբանանյան բարեկամության շառավիղը ձգվում է Անթիլիասից, Բուրջ Համուդից ու Այնճարից մինչև Երևանի սրտում գտնվող Բեյրութի փողոց և փողոցի հարևանությամբ տեղակայված աշխարհահռչակ լիբանանցի գրող, փիլիսոփա և արվեստի գործիչ Ջուբրան Խալիլ Ջուբրանի կիսանդրին: Անշուշտ, այս ամենին լավագույնս ձուլվում է Լիբանանի բազմահազարանոց հայ համայնքը՝ իր խաղաղ և ստեղծագործ կյանքով, Լիբանանին անմնացորդ նվիրումով և Հայաստանի հանդեպ որդիական սիրով: Բեյրութի փողոցներով քայլելիս հայկական շունչն առկա է ամենուր. մեծ հպարտության զգացումով եմ լցվում, որ մեր հայրենակիցները կարողացել են իրենց լավագույնս դրսևորել՝ որպես Լիբանանի արժանի և օրինապաշտ քաղաքացիներ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ իրենց նպաստը բերելով Լիբանանի զարգացմանը և բարգավաճմանը: Եվ մեծ երախտագիտության զգացումով եմ լցվում Լիբանանի ժողովրդի, Լիբանանի իշխանությունների հանդեպ, որ հայերին տրվել է ինքնադրսևորվելու այդ հնարավորությունը»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ նաև դրա շնորհիվ է, որ լիբանանահայ համայնքը ոչ միայն ամուր օղակ է երկկողմ հարաբերություններում, այլև աշխարհասփյուռ հայության համար ծառայում է որպես հոգևոր, մշակութային և կրթական զարկերակ: Որպես ասվածի լավագույն օրինակ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Լիբանանում գործող բազմաթիվ կրթական, հոգևոր-մշակութային հաստատությունները և սփյուռքում գործող միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Հայկազյան համալսարանը, որի սաները, ըստ Նախագահի, շարունակում են իրենց նպաստը բերել նաև տարածաշրջանի և աշխարհի հայ գաղթօջախների կենսունակությանը:

Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել բարեկամ Լիբանանին՝ պատմության ողբերգական պահերին հայ ժողովրդի կողքին լինելու, Ցեղասպանություն վերապրած նրա մի հատվածին սրտաբաց ընդունելու համար: 

«Ցավոք այսօր էլ Մերձավոր Արևելքը շարունակում է ապրել նորանոր ողբերգություններ, որոնք վերահաստատում են, որ Հայոց ցեղասպանության տարիներին տիրող մտածելակերպը 21-րդ դարում դեռևս պահպանվում է, ուստի դրանց կանխարգելմանն ուղղված մեր պայքարն ավարտված չէ: Այստեղ ուզում եմ հատուկ ընդգծել Լիբանանին սատար կանգնելու Հայաստանի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ դարերի իմաստություն և հայրենասիրական արժեքներ կրող լիբանանցի ժողովուրդը պատվով և իրեն հատուկ համախմբվածությամբ կդիմագրավի բոլոր մարտահրավերները»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Լիբանանի նախագահի այցի օրերին քննարկված հարցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում կյանքի կկոչվեն՝ նորովի հարստացնելով հայ-լիբանանյան բազմաբովանդակ փոխգործակցության օրակարգը:

«Հայտնի արաբական իմաստությունն ասում է՝ իրական ընկերը մեկ հոգի է երկու մարմնում: Կարծում եմ՝ սա լավագույնս բնութագրում է հայ-լիբանանյան հարաբերությունները, որտեղ չկան անլուծելի հարցեր, որտեղ կողմերի փոխըմբռնումը լավագույնս ծառայում է երկու ժողովուրդների բարեկեցությանը և կայուն զարգացմանը:

Թույլ տվեք բաժակ բարձրացնել ի պատիվ Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Աունի, հանուն հայ-լիբանանյան բարեկամության հարատևման և մեր տարածաշրջանի խաղաղ ու բարգավաճ ապագայի։ 

Կեցցե՛ Լիբանանը, կեցցե՛ հայ-լիբանանյան հավերժ բարեկամությունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: 

Լիբանանի նախագահ Միշել Աունը փոխադարձ բաժակաճառում երախտագիտություն է հայտնել Նախագահ Սարգսյանին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ սա իր առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն, ու թեև այն պաշտոնական և քաղաքական այց է, սակայն կրում է առանձնահատուկ բնույթ:

«Այս պատմական հավատքով ու նահատակությամբ ծանրաբեռնված հողով անցնելը չի կարող լինել սովորական և ավանդական:

Ընտրել ենք երկու հուշակոթող, որոնք այդ պատմության վկայություններն են: 
Երեկ այցելեցինք Էջմիածնի Մայր տաճարը՝ աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկը, որտեղ դրսևորվում է եկեղեցու պատկառազդու պատերից ու հոգու խոնարհումից հավատքի այն ամրություն զգացողությունը, որը հայ ժողովրդին դարձրեց ժողովուրդների ու ազգերի առաջամարտիկը՝ պաշտոնապես հռչակելով իր ինքնությունն ու հավատքը առաջին դարերի ընթացքում: Դա քաջություն ու զոհաբերություն էր պահանջում այն ժամանակ, երբ հռոմեական հալածանքները իրենց գագաթնակետին էին հասել:

Երկրորդը՝ Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանն էր, որտեղ անմար կրակի ու մի ժողովրդի հերոսականությունը, տառապանքն ու վերքերն արտացոլող երեխաների, կանանց ու տղամարդկանց դաժան պատկերների առջև արագանում են սրտի բաբախյունները:

Այդ սարսափելի տեսարանները բացահայտում են անցյալ դարասկզբին մեր ողջ Արևելքը համակած վերացման գաղափարի գոյությունը: Այդ մտածելակերպը դիմացինի այլ տեսակի մեջ տեսնում էր թշնամու, որին պետք է սպանել, ոչնչացնել նրա մշակույթն ու քաղաքակրթությունը, և այն ի կատար ածեց ամենասարսափելի կոտորածները՝ իր հետևից թողնելով միլիոնավոր նահատակների: Մեր երկու ժողովուրդներն էլ այդ գաղափարի զոհերն էին. հայ ժողովուրդը սպանվեց սրով, լիբանանցի ժողովուրդը՝ սովի միջոցով: Ցավոք, այդ նույն մտածելակերպը վերստին ի հայտ եկավ վերջին տարիներին՝ խլելով հարյուր հազարավոր զոհեր: Վստահաբար անցյալի կոտորածները չճանաչելը և դրանց նկատմամբ հաշվետու լինելու բացակայությունը խրախուսում են ներկայիս ջարդերը»,-ասել է նախագահ Միշել Աունը:

Նա իր բաճակաճառում դրվատանքով է խոսել լիբանանահայ համայնքի մասին՝ ընդգծելով, որ այն Լիբանանի հասարակության անբաժան մասնիկն է: 

«Մեծարգո՛ Նախագահ,

Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեր ջերմ ընդունելության համար, շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր նրանց, ովքեր աշխատեցին այս այցելությունը հաջողությամբ պսակելու նպատակով: 

Թույլ տվեք բաժակ բարձրացնել և խմել երկու երկրների ու ժողովուրդների համար, այն իրական խաղաղության համար, որը հիմնված է այլոց ընդունելու, ազատ և արժանապատիվ կյանք ունենալու նրանց իրավունքը հարգելու վրա»,- ասել է Լիբանանի նախագահը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ