26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Խորհրդարանական լսումներում քննարկվել են Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դրսեւորումները

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ փետրվարի 22-ին տեղի են ունեցել «Սումգայիթյան ջարդեր. հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, փորձագետներ, Հայաստանում գործող քաղաքական դպրոցների ունկնդիրներ, Ազգային ժողովում ուսումնական պրակտիկա անցնող ուսանողներ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Հարգելի պատգամավորներ,
հարգարժան հյուրեր, տիկնայք եւ պարոնայք,
օրերս լրացավ մեր նորագույն պատմության ամենահիշարժան իրադարձություններից մեկի` Արցախյան շարժման 30-ամյակը: Նախ թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել բոլորիս այս պատմական հոբելյանի առթիվ, որը արմատապես փոխեց մեր ժողովրդի կյանքը Հայաստանում եւ Արցախում: Եւ ծնվեցին երկու հայկական անկախ պետություններ` Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը:
Հարգելի բարեկամներ,
արձագանքը, որ Ադրբեջանում եղավ արցախյան ազատագրական շարժմանը, զարմանալի չէր՝ հաշվի առնելով մարդու եւ հատկապես հայի հանդեպ մեր հարեւանների վաղեմի ատելությունը: Այն 30 տարի առաջ ամբողջությամբ բացահայտվեց Ադրբեջանի հայաբնակ Սումգայիթում: Պետական մակարդակով կազմակերպված եւ կատարված հանցագործության արդյունքում դաժանորեն սպանվեցին կամ վիրավորվեցին հայազգի հարյուրավոր բնակիչներ: Մեր բազմաթիվ հայրենակիցներ բռնի տեղահանվեցին ու ունեզրկվեցին: Բռնություններն ու սպանություններն այնուհետեւ շարունակվեցին հայաբնակ Բաքվում, Գանձակում եւ Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայտնված այն բոլոր բնակավայրերում, որտեղ ապրում էին ազգությամբ հայեր:
Սումգայիթում, Բաքվում իրականացված ցեղասպանական գործողություններն ադրբեջանական բացահայտ հայատյացության հետեւանք էին, որոնք այսօր էլ պատշաճ քաղաքական, իրավական ու բարոյական գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության եւ համապատասխան ատյանների կողմից: Մեր ժողովուրդը, անշուշտ, իր գնահատականն ու պատասխանը տվել է Արցախի ազատագրումով, ինքնիշխանության հռչակումով, անկախ պետություն կառուցելով: Սակայն ավելի քան երեք տասնամյակ առաջ կատարված ոճրագործությունները չպետք է քաղաքակիրթ աշխարհի համար մնան որպես պատմության անցած ու փակված էջեր: Սումգայիթում եւ Բաքվում հայերի նկատմամբ իրականացված վայրենությունների ու ջարդերի վերաբերյալ փաստագրական բազան գուցե ծավալով ավելի քիչ է, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների գործողությունների մասին փաստերը: Սակայն այն հաստատ պակաս ազդեցիկ չէ, մանավանդ որ ադրբեջանական ֆաշիզմն իր ատելությամբ ու դաժանությամբ գերազանցում է հիշյալ ժամանակահատվածի հիտլերյան ֆաշիզմին:
Սումգայիթի եւ Բաքվի հայկական ջարդերը սպասում են իրենց լիարժեք գնահատականին, իսկ Ադրբեջանից բռնագաղթած բազմաթիվ հայ փախստականները եւ նրանց ժառանգները` արդար դատի»,-ասել է խորհրդարանի ղեկավարը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը բացման խոսքում ընդգծել է, որ ՀՀ իշխանություններն այս տարիների ընթացքում հետամուտ են եղել հարցի արծարծմանը հատկապես միջազգային հարթությունում: Նա փաստել է, որ Եվրոպական խորհրդարանն այս տարիների ընթացքում 10 բանաձեւ է ընդունել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ: Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական շահերը, գուցե, կարեւոր են, բայց հատկապես եվրոպական քաղաքականությունը պահանջում է քաղաքակրթական հենք, իսկ դրանք այն արժեքներն են, որոնց վրա խարսխված են եվրոպական եւ Հայաստանի քաղաքական համակարգերը:
«Կարող ենք մտածել, որ այս ամենը պատմություն է, բայց այն թարմանալու, վերադառնալու հատկություն ունի: Բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահի շուրթերից հնչած հերթական սպառնալիքը Հայաստանի եւ հայ ժողովրդի վերաբերյալ վկայում է, որ այդ քաղաքականությունը ծրագրված է, միտումնավոր է, շարունակական եւ բացարձակապես պատմություն չէ: Ցավոք, այն նաեւ իրականություն է»,-ասել է Արմեն Աշոտյանը՝ կարեւորելով մեր համարժեք պատասխանը, որը հայ հասարակության եւ հայկական պետության միասնականությունը ապացուցելու լավագույն ձեւն է:
Անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների վարած հայատյաց քաղաքականության դրսեւորումներին՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ այդ պետությունը քաղաքական որս է փորձում իրականացնել նաեւ երկրից դուրս, որի ապացույցը եվրոպական քաղաքական շրջանակներում հայկական խնդիրների առաջխաղացման հարցում մեծ դեր ունեցող Գասպար Կարապետյանի հանդեպ Ադրբեջանի կողմից Ինտերպոլի միջոցով հետախուզումն է:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, որ 30 տարի առաջ այս օրերին գրվել է մեր տարածաշրջանի պատմության ամենամութ էջերից մեկը, երբ Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու խաղաղ պահանջին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների կողմից փորձ կատարվեց լռեցնել արցախահայությանը՝ Ադրբեջանի ողջ տարածքում հակահայկական ջարդերի ալիքով: Նրա խոսքով՝ ատելությունը եւ հայատյացությունն այսօր էլ Ադրբեջանի ներքին եւ արտաքին քաղաքականության անքակտելի մասն են: Դրա ապացույցը հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակելն ու հերոսացնելն էր, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի գնահատմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները, հակադրվելով միջազգային հանրության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կոչերին, շարունակում են իրենց ռազմատենչ եւ առավելապաշտական քաղաքականությունը:
«Արցախի ժողովրդի խաղաղ եւ ժողովրդավարական երկրում ազատ ապրելու օրինական պահանջին ուժով եւ ուժի սպառնալիքով պատասխանելու Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունն է պատճառը, որ ԼՂ հակամարտությունը չի կարգավորվում: Միջազգային մեր գործընկերների մոտ հասունացել է այն գիտակցումը, որ քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայատյաց քաղաքականությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանում վտանգված են կայունությունը, խաղաղությունը եւ անվտանգությունը»,-ասել է Շավարշ Քոչարյանը:
Փոխնախարարը նշել է, որ հավատարիմ լինելով Ղարաբաղյան շարժման գաղափարներին ու նպատակներին՝ համազգային խնդիրների շուրջ մեր համախմբմամբ երկրի ներսում եւ միջազգային հարթակներում հետեւողական ու նպատակային աշխատանքով պարտադրելու ենք Ադրբեջանին խաղաղություն՝ բացառելով նոր սումգայիթների հնարավորությունը, հասնելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը, երաշխավորելով տարածաշրջանում հայության անվտանգությունը եւ բարգավաճումը:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, կարեւորելով լսումների կազմակերպումը, նշել է, որ 1918 թվականին առաջին անգամ աշխարհի քարտեզի վրա հայտնված Ադրբեջանական Հանրապետությունը դարձավ Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանության շարունակությունն ապահովողը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը հետեւողականորեն ու բացահայտ հայերի նկատմամբ իրականացրել է ցեղասպանական քաղաքականություն, որը միտված էր տարածաշրջանում հայերի հայրենազրկմանն ու ոչնչացմանը: Այդ ծրագիրը տապալվեց արցախահայության դիմադրության շնորհիվ: Հակահայկական քաղաքականությունը շարունակվել է նաեւ ԽՍՀՄ տարիներին, ինչի հետեւանքով հայաթափվեց Նախիջեւանը: Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ հայաթափման իրական սպառնալիքի ներքո 1988 թվականին ծագեց Ղարաբաղյան շարժումը: «Ճիշտ ժամանակն է ոչ միայն վերապրելու, այլեւ վերաիմաստավորելու այն ամենը, ինչ տեղի է ունեցել»,-ասել է նա՝ կարեւորելով ցեղասպանության զոհերի եւ նրանց ժառանգների նկատմամբ պետության հատուկ վերաբերմունքը: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ այդ հարցի առնչությամբ Ազգային ժողովում կլինեն քննարկումներ:
«Սովորական ցեղասպանություն» նախագծի համակարգող Մարինա Գրիգորյանն իր ելույթում ընդգծել է, որ Սումգայիթի ողբերգությունն ամենափաստագրված հանցագործությունն է. կան հավաստող բազմաթիվ նյութեր: Նրա խոսքով՝ հայերի ցեղասպանությունը Սումգայիթում, հետագայում Գանձակում, Բաքվում, Մարաղայում, Բուդապեշտում, նաեւ ապրիլյան դեպքերի ժամանակ կազմակերպված է եղել Ադրբեջանի ղեկավարության կողմից: Մարինա Գրիգորյանը խոսել է հայերին սպանողներին Ադրբեջանում հերոսացնելու մասին, որը դարձել է Ադրբեջանի քաղաքական ավանդույթներից մեկը: «Սա օրինաչափ է զոմբիացված հասարակության համար, որը ձեւավորվել է Ադրբեջանում Սումգայիթից հետո անցած 30 տարիների ընթացքում եւ այսօր տարածաշրջանի անվտանգության եւ կայունության ամենամեծ սպառնալիքն է»,-ասել է նա:
Իրենց ելույթներում պատգամավորներն ու բանախոսներն անդրադարձել են Ադրբեջանի ղեկավարության հակահայ հայտարարություններին, այդ պետության հայահալած քաղաքականության դրսեւորումների տարբեր փուլերին, փախստականների խնդիրներին, տարածաշրջանային զարգացումներին, ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներին, Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, այլ հարցերի:
ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանի խոսքով՝ արցախցիների ինքնորոշվելու պահանջը պայմանավորված է կյանքի իրավունքը պաշտպանելու արդար մղումով, ինչն օրինական ցանկություն է: Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանի տարածքում տարիներ շարունակ ոչնչացվել են ոչ միայն մշակութային կոթողներ, այլ նաեւ հայերին վերաբերող ամեն ինչ:
Պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ ընդգծել է, որ հակահայկականությունը նորություն չէ Ադրբեջանի համար. այդ պետության հակահայ, ազգային, էթնիկ զտման քաղաքականությունը շարունակական բնույթ է կրում: Նա առաջադեմ մարդկությանը նման հայատյաց դրսեւորումները կանխելու կոչ է արել:
ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կարեւորել է նոր սերնդին ազգային-ազատագրական ոգով դաստիարակելը, ինչը, ըստ նրա, պետք է լինի պետական քաղաքականության կարեւորագույն բաղադրիչ:
ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշել է, որ այդ օրերի եղեռնագործությունները գրեթե ամբողջությամբ փաստագրված են, դրանք տեղի են ունեցել կազմակերպված եւ խորհրդային իշխանությունների թողտվության պայմաններում: Պատգամավորն ընդգծել է, որ այդ ցեղասպանական գործողություններն իրականացնողները չեն հասել իրենց նպատակին:
Պատգամավոր Միհրան Հակոբյանը եւս ընդգծել է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունն այս տարիներին չի փոխվել: Նա կարեւորել է այս հարցում քարոզչության ակտիվացումը՝ աշխարհին ու Ադրբեջանի ժողովրդին այդ պետության կեղծարարությունը, իսկ միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի «հայակեր» էությունը ցույց տալու համար:
ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը կարեւորել է միջազգային իրավունքի շրջանակում մեր պետության հետեւողական քայլերը: Նա բարձր է գնահատել այն կազմակերպություների աշխատանքը, որոնք, ունենալով խիզախություն, կարողացել են ճիշտ գնահատել տեղի ունեցածը:
Պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը կարեւորել է կրթական ծրագրերում նման ոճրագործությունները դատապարտող ու կանխող բովանդակային նյութերի ներառումը, մինչդեռ Ադրբեջանի հակահայ քարոզչությունը նաեւ դպրոցում ազդում է այդ երկրի ապագա սերնդի հոգեբանության ու արժեհամակարգի վրա:
ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Կոստանյանն անդրադարձել է փախստականների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված շուրջ 700 հայցերին, կայացված որոշ վճիռներին:
Պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարծիք է հայտնել, որ միջազգային կառույցներում ՀՀ պետական գործիչները պետք է առավել հետեւողական, համառ ու պահանջատեր լինեն ազգային խնդիրների վերհանման հարցում:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի համոզմամբ՝ անպատժելիությունը ծնում է նոր ոճրագործություններ: Նա ազգային խնդիրների առաջմղման հարցում կարեւորել է Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը:
Եզրափակիչ ելույթում հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, կարեւորելով լսումներում հնչած տեսակետները, կարծիք է հայտնել, որ ազգային նման խնդիրների հարցում պետք է ուժեղացվի նաեւ խորհրդարանական դիվանագիտությունը, այդ գործընթացներում ակտիվ լինի հասարակությունը: Նշվել է, որ հանձնաժողովի վաղվա նիստում կքննարկվի «Հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:
Հանձնաժողովի նախագահն առաջարկել է մասնակիցներին քննարկման արժանի փաստարկներ եւ նյութեր ներկայացնել հանձնաժողով: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ