Երկու ուշագրավ հանդիպում. «Ժամանակ»
Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին անցնող օրերի ընթացքում տրված բազմաթիվ հարցերի շրջանակից դուրս է մնացել թերևս ամենակարևորն ու առանցքայինը՝ արդյոք ինչ է նա մտածում Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության մասին: Կասկածից վեր է, որ մի բան է նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Սերժ Սարգսյանի պարագայում, մեկ այլ բան է այլ վարչապետի պարագայում: Իհարկե, խոսքը միայն Արմեն Սարգսյանի մասին չէ, այլ իշխանական ամբողջ կառուցվածքի, սակայն տվյալ դեպքում նա է գլխավոր գործող անձը, բայց գլխավոր գործող անձին չի տրվել գլխավոր հարցը: Եվ սա ինքնին հարց է առաջացնում, թե ինչու և ինչպես:
Այս ֆոնին ուշ երեկոյան Արմեն Սարգսյանը հանդիպում է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, այդ հանդիպմանը, ի տարբերություն այս ընթացքում իր մյուս հանդիպումների՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, տալով բավականին ուշագրավ խորհրդավորություն, այսպես ասած՝ «խորհրդավոր ընթրիքի» տարբերակով: Ընդ որում՝ մյուս հետաքրքիր հանգամանքն այն է, որ նույն ռեժիմով է եղել նրա հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ, որը, փաստորեն, փոխադարձաբար չի տիրաժավորվել: Այդպիսով, Կարեն Կարապետյանի և Ծառուկյանի հետ Արմեն Սարգսյանի հանդիպումները միակ չտիրաժավորված հանդիպումներն են նրա «թեկնածուական տուրնեի» շրջանակում: Ըստ էության, սա Հայաստանի իշխանության շրջանակն է կամ Հայաստանի իշխանության «երկրորդ կիսագունդը»:
Իհարկե, առանձին հարց է Ծառուկյանի, Արմեն Սարգսյանի և Կարեն Կարապետյանի փոխհարաբերությունների խնդիրը, ինչպիսին են լինելու դրանք, ինչպիսի պայմանավորվածություններ, տարաձայնություններ, բաժանարար գծեր ու մրցակցություն է լինելու նրանց միջև: Այստեղ իրավիճակը բազմաշերտ է: Սակայն Ծառուկյանը, Սարգսյանն ու Կարապետյանը, ընդհանուր առմամբ, հարակից շրջանակով և բազայով հանդերձ, ըստ էության լինելու են կապիտալի այն երեք կետերը, որոնց վրա կանգնելու է Հայաստանի իշխանությունը: Հայաստանի իշխանությունն ուժի և կապիտալի իշխանությունն է: Կապիտալի կիսագունդը կկազմեն նրանք՝ եռյակը, իսկ ուժի կիասգնդին թերևս հավակնում է Սերժ Սարգսյանը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: