Վահան Մարտիրոսյանը ընդունել է Մաքսիմ Սոկոլովին
ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության առկա իրավիճակին, հեռանկարային ծրագրերին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում համագործակցության ուղղություններին և հնարավորություններին։
Մասնավորապես, քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներին, երկու երկրների միջև կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին, Հայաստանի և Ռուսաստանի միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցմանն առնչվող մի շարք հարցեր։
Անդրադարձ է եղել նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին և դրանցում ռուսական ընկերությունների մասնակցության հնարավորություններին:
ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը տեղի ունեցավ Երևանում: Նիստի համանախագահներն էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։