Սա ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ. պատգամավոր
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին անհանգստացնում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով պայմանավորված տարիքային խտրականությունը: Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ նա նկատեց, որ կենսաթոշակային տարիքի գիտնականն այլևս չի կարող մասնակցել այն մրցույթներին, որ թափուր է բուհ-ում: «Բայց նշում եք, որ դա թողնված է ռեկտորի հայեցողությանը, որը կարող է մեկ տարվա պայմանագիր կնքել գիտնականի հետ: Սա ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ: Դրա մեր ակնհայտ են կոռուպցիոն ռիսկերը, սուբյեկտիվիզմը»,-գտնում է պատգամավորը:
Ըստ նրա՝ սա մեծացնում է ռեկտորի ազդեցությունը: «Պատկերացնո՞ւմ եք՝ 5 տարի շարունակ այս նվաստացուցիչ արարողությունը: Գիտնականը դիմում է, ռեկտորը որոշում է ընդունել, թե ոչ: Այսինքն՝ եթե լսել է իրեն, իր հորդորները կատարել է, թույլ կտա, եթե չէ, ոչ այլևս թույլ չի տա»,-ասաց Բագրատյանը:
Նա նաև բարձրացրեց մեկ այլ կետ, որով նշվում է բուհերում վարչական աշխատանքում 70 տարեկանը լրացած անձանք աշխատելու արգելք: «Այս դրույթները ոչ միայն անհարգալից վերաբերմունք են գիտնականի նկատմամբ, այլև մարդու իրավունքների խախտում»,-նկատեց նա:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ օրինակ՝ Երևանի թատրոնի , կինոյի պետական ինստիտուտում 8 ամբիոնի վարիչներից 5-ի տարիքը 60-ից վեր է: «Ես ասենք ավարտել եմ, թեկնածուական դիսերտացիան պաշտպանել եմ, իմ ղեկավարին շատ սիրում եմ, ով 75 տարեկան է, և ամբիոնում հայտարարվում է մեկ տեղ: Ես շատ տաղանդավոր երիտասարդ եմ, այդտեղի համար 5 տարով դնում է իմ ղեկավարը, բնականաբար, ես իմ թեկնածությունը կամ չպիտի դնեմ, կամ չեմ անցնի: Կամ նույն անձնավորությունը 4 տեղ ամբիոնի վարիչ է: Դրանցից 3 տեղը կարող էր երիտասարդ լինել, բայց երբ այդ մարդիկ տեղ չունեն, ոչ աշխատավարձն է բարվոք… թողնում են, երկրից դուրս են գալիս:
Ես դասավանդում եմ համալսարանում 89 թ-ից, ես ամեն տարի պայմանագիր եմ ստորագրում, չեմ համարել դա նվաստացուցիչ: Ոչ ոք չի արգելում դասախոսին, կարող է մնալ ամբիոնի պրոֆեսոր, ղեկավարել այն, բայց երիտասարդ սերնդի խնդիր է, ոչ թե ավագի:
Մեր ամբիոնները, Աստված երկար կյանք տա, բայց 5-7 տարի հետո գիտնական չունենք, որ շարունակի: Ամբիոնի վարիչի մասին չենք խոսում»,-բացատրեց նախարարը: