Մենք ո՞նց կարող ենք այդ մարդկանց վստահել. Զուրաբյանը՝ «Ելք»-ին
««Մարտի մեկ»-ը կապված է Ազատության 88-ի շարժման հետ»,-այսօր «Ազատության» Ֆեյսբուքյան ասուլիսին ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ իրենք կարողացան վերադարձնել Ազատության հրապարակը ժողովրդին, սակայն քանի դեռ պատժված չեն «մարտի մեկի» հանցագործության կատարողները, կազմակերպիչները, այդ խարանը մնալու է մեր պետության վրա, և Ազատության հրապարակն էլ չի լինի նույնքան լիարժեք, ինչպիսին էր 88 թվականին: «Ազատության հրապարակը կմնա գնդակահարված»,-նկատեց նա:
Ինչ վերաբերում է «Ելք» խմբակցության ղեկավար, ՀԱԿ նախկին անդամ Նիկոլ Փաշինյանի հրավերին՝ ուղղված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որ մասնակցի խորհրդարանական լսումներին այս թեմայով, և «Կոնգրեսի» ցանկության դեպքում Փաշինյանը կհամաձայներ մասնակցել այսօրվա հանրահավաք-հանդիպմանը, Զուրաբյանն ասաց. «Մեզ նման դիմում չի եղել, դրա համար էլ այդ հարցը չի քննարկվել: Մենք մեր գործն ենք անում, «Կոնգրեսն» է, որ իրականում բացահայտել է «մարտի մեկի» գործընթացը»:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը որևէ բան արել է «մարտի մեկի» գործի բացահայտման համար, ՀԱԿ փոխնախագահն արձագանքեց. «Հույսով եմ, որ արել է, որովհետև այդ շարժման մասնակիցներից մեկն էլ ինքն է եղել, դա եղել է կոլեկտիվ աշխատանք»:
Հարցին, թե կարող է միանան Փաշինյանին ու «Ելքին», որ հայտարարում են, որ թույլ չեն տա Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, Զուրաբյանը պատասխանեց՝ հիշեցումով, որ ժամանակին այդ նույն անձինք հայտարարում էին, որ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը նրանք կեղծ օրակարգ է: «Ինչպե՞ս կարող ենք մենք մի կողմ դնել այդ փաստը:
Այդ նույն մարդիկ դա կեղծ օրակարգ հայտարարեցին սահմանադրական փոփոխությունների դեմ ընդդիմության հանդես գալը: Ավելին՝ գնում էին, ժողովրդին բացատրում, որ ընդդիմությունը ձեզ խաբում է, մի՛ միացեք: Մենք ո՞նց կարող ենք այդ մարդկանց վստահել, եթե իրենք առանցքային պահին արել են ուղիղ այն, ինչ պետք էր իշխանության վերարտադրման համար:
Հիմա էլ ասում են՝ եթե 250 հազար մարդ հավաքվի, իշխանափոխություն կանեն: Էհ, կներեք, եթե 250 հազար մարդ հավաքվի, ձեր կարիքն ո՞վ է զգալու»: