Գազի թանկացումը կբերի քաղաքացիական անհնազանդության. իշխանության շանսը
Տարեսկզբին, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի արտահայտած տեսակետները փոքր-ինչ շեղեցին ժողովրդին, սակայն երկրում ձեւավորվում է սուր սոցիալական խնդիր: Նման տեսակետ “Հենարան” մամուլի ակումբում ասաց քաղաքագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը:
Թերեւս այսօր “Կանխենք գազի թանկացումը” նախաձեռնությունը դիմելու է վարչական դատարան: “Մենք սա դիտարկում ենք, որպես շանս իշխանությունների համար՝ դադարեցնել, հետ կանգնել այն որոշումից, որը բերում է օր-օրի սոցիալական սրացող վիճակի”,- ասաց Անդրեաս Ղուկասյանը:
Իսկ եթե իշխանությունը հետ չկանգնի գազի թանկացման որոշումից, ապա քաղաքացիական անհնազանդություն կլինի եւ այն այս անգամ արդարացված է լինելու: Անհրաժեշտ է միավորել նաեւ հասարակությանը: Ղուկասյանը կոչ չի անում սպառողներին չվճարել:
“Անհատական չվճարումը կբերի անհատական անջատման: Էֆեկտիվ կլինեն այն գործողությունները, որտեղ քաղաքացիները կլինեն միասնական: Այս ամենի մեջ նաեւ պետք է քաղաքական ենթատեքստ գտնել”,-ասաց քաղաքագետը: