Գագիկ Բեգլարյանը տեղում ստուգեց ճանապարհների անցանելիությունը
Վերջին օրերի առատ ձյան հետևանքով ավտոճանապարհների անցանելիությունը, ճանշինների աշխատանքը տեղում ստուգելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր:
Յուրաքանչյուր մարզում ճանշինների ղեկավարները նախարարին զեկուցեցին իրենց կողմից սպասարկվող ճանապարհների մաքրման աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների և դժվարությունների մասին:
‹‹Աղ ու ավազի, համապատասխան տեխնիկայի և անհրաժեշտ աշխատուժի խնդիր չկա››,- նշեցին նրանք, ապա նաև հավելվեցին, որ հարկ եղած դեպքում էլ աշխատում են հագեցած գրաֆիկով, մի քանի հերթափոխով և անում են հնարավորինը, որպեսզի ձյան առատ տեղումներից ընդամենը ժամեր անց բոլոր ճանապարհները լինեն մաքուր և անցանելի:
Ճանապարհի երթևեկելի հատվածների անցանելիությունը լիարժեք ապահովելուց հետո , ճանշինների աշխատակիցները ձեռնամուխ էին եղել կողնակների մաքրման և ճանապարհների երթևեկելի մասի լայնացման աշխատանքներին:
Նշված մարզերի ավտոճանապարհները լիովին երթևեկելի են, չկա որևէ խոչընդոտ վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար, ինչն անշուշտ, ճանշինների բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի արդյունք է:
Գագիկ Բեգլարյանը ընդհանուր առմամբ գոհ էր ավտոճանապարհների վիճակից, կատարված աշխատանքներից։ Նախարարը կարևորեց, որ ավելորդ խնդիրներից խուսափելու համար ճանշինները ժամանակին կատարեն աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքները, որպեսզի ավտոճանապարհները մաքուր և անցանելի լինեն ողջ ձմռան ընթացքում: