«Մեր երկրի իրական գերբը գահավիժող այդ աղջնակի՝ մահվան սարսուռ ապրող դեմքն է»
«Երիտասարդ, միայնակ մայրը 9-ամյա աղջնակի հետ նետվել է կամրջից՝ անկարող լինելով ապահովել իրենց գոյությունը։
Աղջնակը հաստատապես տեղյակ չի եղել մոր մտադրության մասին։
Դուք կարո՞ղ եք պատկերացնել փոքրիկի դեմքի արտահայտությունը գահավիժման այն պահին, երբ հասկացել է, որ մեռնելու է շուտով․․․
Դուք կարո՞ղ եք պատկերացնել այն ճիչը, որն արձակել է նա մահից առաջ։
Փորձեք․․․
Իրականում կամուրջից այդ աղջնակը չի գահավիժել, այլ մենք բոլորս՝
– օլիգարխները,
– հարուստները,
– միջակները,
– աղքատները,
– բոմժերը,
– իշխանությունները,
-ընդդիմությունը,
– բողոքողները
– ակտիվիստները,
– պասիվները,
– բոլորը։
Ու հիմա այդ աղջնակի հոգին կամուրջի վրայից նայում է գահավիժած, ձորում խառնիխուռն լցված մեր մարմիններին՝ որպես անպետք մարդկային զանգվածի, որն անընդունակ է այնպիսի կյանք ապահովել, ուր որբուկները քաղցի չմատնվեն։
Ու նայում է այդ աղջնակի հոգին կամուրջի վրայով իբր շտապող, փողոցներում իբր երթևեկող, տների ու շենքերի մեջ իբր գտնվող ուրվականներին, որոնք մի ժամանակ մարդ են եղել ու այնպիսի երկիր են ունեցել, որտեղ որբերն անտերության չեն մատնվել, այլ տոհմը, համայնքը խնամել է նրանց՝ ինչպես իրենց սեփական երեխաներին։
Ու նայում է այդ աղջնակի հոգին ամենքին ու մտածում ինքն իրեն՝ տեսնես այս ուրվականները վերստին մարդ կդառնա՞ն․․․
Իսկ մինչ այդ՝ մեր երկրի իրական գերբը գահավիժող այդ աղջնակի՝ մահվան սարսուռ ապրող դեմքն է, իսկ հիմնը՝ նրա սարսափազդու կանչը։
Մինչև որ վերստին ուրվականից մարդ կդառնանք․․․»: