«ՀԱԿ-ն այս իշխանություններին լեգիտիմ չի համարում, ուստի նախագահի պաշտոնում հայտնված անձն էլ ոչ լեգիտիմ կհամարվի»
Այսօր Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) փոխնախագահ Հենրիկ Բախ Մորտենսենը ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նշեց՝ տեղյակ է այն խնդիրներին, որոնք առկա են Հայաստանում։
« Այն տեսակետները և արժեքները, որոնք կիսում ենք, վերաբերում են մարդու իրավունքների վրա հիմնված՝ ժողովրդավարություն ստեղծելուն։ Կան այնպիսի անկյունաքարեր, որոնք կարևոր են։ Դրանցից են խորհրդարանի, դատական համակարգի անկախությունը, իշխանությունների զսպումների ու հակակշիռների առկայությունը», – նշեց Հենրիկ Բախ Մորտենսենը։
Ասուլիսի ընթացքում խոսելով Արմեն Սարգսյանի՝ որպես նախագայի թեկնածու առաջադրվելու մասին՝ Լևոն Զուրաբյանը նշեց՝ ՀԱԿ-ն այս իշխանություններին լեգիտիմ չի համարում, ուստի նախագահի պաշտոնում հայտնված անձն էլ ոչ լեգիտիմ կհամարվի։ Անդրադառնալով թանկացումներին՝ Լևոն Զուրաբյանն ասաց թանկացումների հիմնական պատճառը մրցակցության բացակայությունն է, մոնոպոլիաների առկայությունը և ոչ թե Հարկային օրենսգիրքը։