Վարչապետն ու Ֆինանսների նախարարը չհասկացան Կամո Արեյանին
Կառավարության որոշմամբ մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի նվազագույն գումարը 2014 թ-ին կկազմի 16 միլիոն 876 հազար դրամ՝ ներառյալ ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդը: Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և նշեց, որ որոշումը հետագա տարիներին ենթակա է վերահաշվարկման:
Սակայն Երևանի փոխքաղաքապետ Կամո Արենյանը խնդրեց 16 միլիոնի սահմանագիծը չհաստատել՝ նշելով, որ թիվը կարող է փոփոխվել: Փոխքաղաքապետը մի քանի օր ժամանակ խնդրեց՝ նախագիծը լրացուցիչ քննարկելու համար: Ֆինանսների նախարարն արձագանքեց, որ երկու օր քննարկման դեպքում հունվար ամսվա աշխատավարձերը չեն կարող տալ՝ նշելով, որ հանրակրթական դպրոցները բաժանված են երեք խմբի՝ մինչև 100 աշակերտ ունեցող, 101-ից մինչև 300 աշակերտ ու 301 և ավելի աշակերտ:
՛՛Վերջին երկու խմբի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը բաղկացած է 2 մասից` հաստատության պահպանման ծախսերից և, աշակերտների թվաքանակից ելնելով, ըստ դպրոցների հաշվարկված ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդից՛՛-ասաց նա:
Երբ վարչապետը նշեց, որ չի հասկանում, թե որն է խնդիրը, նախարարը ժպտաց. ՛՛Ես էլ չեմ հասկանում՛՛:
Որոշումն ընդունվեց, սակայն որոշվեց, որ երկու օր լրացուցիչ քննարկումներ են լինելու: