Հայ պատգամավորներն Իսրայելում բարձրացրել են Ադրբեջանին զենք վաճառելու հարցը
ԱԺ հայ-իսրայելական բարեկամական խումբը վերադարձել է Իսրայելից, որտեղ բարձրացվել են մի շարք կարևոր հարցեր: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց անցած տարի երկու կարևոր այցելություն է եղել` Իսրայելի տարածարջանային հարցերով նախարարի այցելությունը Հայաստան և ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի այցն Իսրայել ու հանդիպումը նրանց վարչապետի հետ: «Ասել ենք, որ մենք առաջնորդվում ենք մեր ազգային-պետական շահերով, և այդ ընկալումը մեր գործընկերների մոտ կար. խոսքը հայ-իրանական հարաբերությունների մասին է»,- ասաց Վարդանյանը:
Նա նաև ասաց, որ այցելել են Իսրայելի ցեղասպանության թանգարանը, որն ազդեցիկ է եղել, սակայն ավելի ազդեցիկ է եղել այն, որ թանգարանը լեփ-լեցուն է եղել, ինչը երբեք չես տեսնի Հայոց ցեղասպանության թանգարանի մասին:
Վարդանյանը հայտնեց, որ խոսել են նաև Ադրբեջանին զենք մատակարարելու մասին: «Ասում էի` Հոլոքոստի թանգարանում ցույց եք տալիս, թե նացիզմը դեռ 1933 թվականից ինչպես էր ատելություն սերմանում հրեաների նկատմամբ` դասագրքերով, մամուլով, բոլոր հնարավոր միջոցներով: Բառացիորեն նույնը կատարվում է Ադրբեջանում` նույն դասագրքերով, նույն քարոզչությամբ, նույն պետական մակարդակով հայատյատություն, թշնամանք, և դուք զենք եք մատակարարում հարձակվողական մի երկրի, որը նույնական է ձեզ պատուհասած ողբերգության երկրի հետ»,- ասաց նա:
Վարդանյանը հավելեց. «Ես նրանց ասում էի հետևյալը` վստահեցնում եմ ձեզ, որ առաջիկա տարիներին Հայաստանը դառնալու է և’ տնտեսական, և’ քաղաքական առումով ազդեցիկ երկիր տարածաշրջանում, և դուք այսօրվանից պետք է մտածեք մեր հարաբերությունների բնույթի մասին, նաև պետք է մտածեք` նայեք առաջ: Ես վստահ եմ, որ այս հակամարտությունը լուծվելու է հայ ժողովրդի, Հայաստանի պետականության հաղթանակով, ուրիշ լուծում չի կարող ունենալ հակամարտությունը: Որքանո՞վ եք դուք լավ զգալու, որ Ադրբեջանի պարտությունն ասոցացվի նաև իսրայելական զենքի պարտության հետ»:
Վարդանյանը նշեց, որ թեև նրանք ունեն իրենց որոշակի փաստարկները, որ այլ երկրներ էլ են զենք վաճառում Ադրբեջանին, բայց նաև կարծում է, որ այս մեսիջների փոխանցումը լրջորեն մտածելու առիթ կտա: