Հայտնի է Հայաստան – Գերմանիա հանդիպման մանրամասները
Մի քանի օր առաջ տեղեկություն էր տարածվել, որ հունիսի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Գերմանիայի հետ: Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնական կայքը որոշակի մանրամասներ է տեղեկացրել հանդիպման վերաբերյալ:
Ըստ կայքի հանդիպման կազմակերպիչը DFB Egidius Braun հիմնադրամն է: Խաղից ստացված հասույթը փոխանցվելու է Գերմանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի եւ Լիգայի ասոցացիաների տարբեր հիմնադրամներին: Հանդիպումը կլինի վերջինը Գերմանիայի հավաքականի համար աշխարհի առաջնություն մեկնելուց առաջ:
Գերմանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հելմուտ Սանդրոկը այս կապակցությամբ նշել է.
՛՛Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք ավարտել աշխարհի առաջնության նախապատրաստական ծրագիրը: Լեհաստանի եւ Կամերունի հավաքականներից հետո մենք կմրցենք նաեւ Հայաստանի հավաքականի հետ:Հանդիպումը կարեւոր է ոչ միայն մարզական տեսանկյունից: Խաղից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է բարեգործական հիմնադրամներին՛՛:
Ավելացնենք նաեւ, որ Գերմանիայի եւ Հայաստանի հավաքականների հանդիպումը երրորդը կլինի երկու հավաքականների պատմության մեջ: Առաջին երկու հանդիպումները կայացել են աշխարհի 1998թ առաջնության ընտրական փուլում: Երկու հանդիպումներն էլ ավարտվել գերմանացիների ջախջախիչ հաղթանակով՝ 4-0 եւ 5-1 հաշիվներով: