Ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի տարածումը չափազանց կարևոր է. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն` ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է, որ բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի տարածման նպատակով կատարվել է մեծ աշխատանք, այդ թվում՝ իրականացվել են 11 միջոցառումներ, որոնց մասնակցել է շուրջ 113 հազար մարդ: Հանրության շրջանում առողջ ապրելակեպի քարոզման նպատակով Երևանում և տարբեր մարզերում 6-8 մարզաձևերով ամեն շաբաթ կազմակերպվել են անվճար մարզումներ՝ պրոֆեսիոնալ մարզիչների մասնակցությամբ:
Մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ սպորտի ոլորտում իրականացվել է ներդրումային 4 ծրագիր: Մասնավորապես, կառուցվել է Օլիմպավանի լողավազանն ու խաղային մարզաձևերի դահլիճը, ինչի համար ներդրվել է 4 մլն դոլար, Իջևանում կառուցվել է նոր լողավազան, Սիսիանում՝ նոր մարզադահլիճ, որտեղ տարբեր մարզաձևերով մարզվում են 200-ից ավելի երեխաներ: Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շուտով ավարտին կմոտենան Insport անվանմամբ մարզա-առողջարանային համալիրի կառուցման շինաշխատանքները: Ծրագիրը գնահատվում է 2,4 մլն դոլար: Նախատեսվում է, որ այն իր դռները կբացի հունիսին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է առողջ ապրելակերպի տարածումը և ընդգծել, որ պետք է իրականացնել համալիր ծրագիր: «Այս հարցին 2018 թվականին պետք է մեծ ուշադրություն դարձնել, անհրաժեշտ է նման միջոցառումների աշխարհագրությունը մեծացնել: Յուրաքանչյուր մարզպետարան պետք է ձեր այս քաղաքականության մասին պատշաճ կերպով իրազեկված լինի, քանի որ մենք ցանկանում ենք ունենալ առողջ քաղաքացի», – նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետն անհրաժեշտ է համարել նաև ֆիզիկական կուլտուրա առարկայի միջոցով դպրոցներում երեխաների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն ու տարածումը:
Զեկուցվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, Կրթության և գիտության նախարարությունների հետ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի գործունեությունն ուղղված է ֆիզիկական կուլտուրա առարկայի ուսումնական ծրագրի արդիականացմանը և այն դպրոցներում պարտադիր ներդնելուն: Պատասխանատուները վարչապետին վստահեցրել են, որ արդեն 2019 թվականից հանրապետության դպրոցներում այն լիարժեք կներդրվի: Կարեն Կարապետյանը հանձնարարել է գնահատել նաև, թե որքան միջոցներ են անհրաժեշտ դպրոցները մարզական գույքով ապահովելու համար՝ տարեցտարի այդ խնդրին լուծում տալու նպատակով: Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցները մասնավորի կառավարմանը հանձնելու հնարավորությունը՝ առողջ ապրելակերպը խթանելու, կոնկրետ խնդիրներ լուծելու նպատակով:
Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ Իջևանում և Հրազդանում նման ծրագիր իրականացրել են, ինչի արդյունքում վերակառուցվում են տեղի լողավազանները:
Վարչապետին զեկուցվել է նաև սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի մշակման մասին: Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել այս ուղղությամբ կոնկրետ միջոցառումների իրականցումը Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համագործակցությամբ:
Մեծապես կարևորվել է սոցիալապես անապահով և առանց ծնողական խնամքի մնացած դպրոցահասակ երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի տարածումը: «Պետք է հատուկ ուշադրություն դարձնել և մաքսիմալ աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Նրանք պետք է հնարավություն ունենան զբաղվել սպորտով, դա ուղղակի բոլորիս պարտքն է», – ասել է Կարեն Կարապետյանը:
Զեկուցվել է, որ անցկացվել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթ, որին մասնակցել են երեխաների խնամքի և պաշտպանության 12 հաստատությունների 300 մասնակիցներ: Մրցույթն անցկացվել է 5 մրցաձևերով:
Անդրադարձ է կատարվել նաև Բակային մարզական միջոցառումների միջոցով Երևանում և ՀՀ մարզերում մասսայական սպորտի զարգացման խթանմանը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մարզային, համայնքային ղեկավարները պետք է դառնան ձեր քաղաքականության կրողներն ու տարածողները: Շատ արագ պետք է կանոնակարգենք մարզադպրոցների գործունեությունը՝ մասնավորի ներգրավմամբ: Սպորտային տուրիզմ, էկո տուրիզմ, էքստրեմալ տուրիզմ. մենք պետք է ունենանք հրապուրիչ առաջարկներ Հայաստանից՝ ներկայացնելով մեր բոլոր առավելությունները, քարոզչություն իրականացնելով նաև մեր հասարակության շրջանում: Ֆիզիկական կուլտուրա առարկան չափազանց կարևոր է՝ լինի դպրոց, տեխնիկում, թե բուհ, պետք է այս խնդրին պարտադիր հետևենք»: