Խնդրանքներով կամ հավակնություններով վարչապետ չեն լինում. ՀՀԿ
«Ի սկզբանե ասեմ, որ խնդրանքներով կամ հավակնություններով վարչապետ չեն լինում»,-ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք այն, որ տարբեր ՀՀԿ-ականներ հայտարարում են, որ ցանկություն կա, որ նախագահ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, նշանակում է, որ խնդրելու են նրան դա անել:
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի եթերում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ կուսակցությունում կա ցանկություն, որ նախագահը դառնա վարչապետ, և անձամբ ինքը կառաջադրի վարչապետ:
Վահրամ Բաղդասարյանը նկատեց՝ կա այդ տրամադրվածությունը թեկնածության առումով, բայց դեռևս քննարկումների չեն անցել: «Երբ կկազմակերպենք քննարկումներ, կիմանաք, մի շտապես, բայց կա նման ցանկություն: Այդ հարցը լրջանում է, մոտենում է ժամանակը, ասեմ՝ յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, ցանկությունը, բայց առայժմ որևէ անձի շուրջ քննարկում չի կազմակերպվել»:
Հարցին, թե ինքը կցանկանա Սերժ Սարգսյանին տեսնել այդ պաշտոնում, ՀՀԿ-ականը պատասխանեց. «Ես գիտեմ՝ ում եմ ցանկանում և ում պետք է առաջադրեմ »: