Ներկայացվել է 2018-2023 թվականների Երկրի ռազմավարական հնարավորությունների ծրագիրը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից մշակված Երկրի ռազմավարական հնարավորությունների (COSOP) վեցամյա ծրագիրը, որը նախատեսվում է մեկնարկել 2018 թվականի ընթացքում:
Հանդիպմանը ներկա էին IFAD-ի Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանի գլխավորած պատվիրակությունը, միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի պատասխանատուներ:
Ծրագիրը, որի հիմնական նպատակն է գյուղական բնակավայրերում աղքատության նվազեցումն ու գյուղատնտեսության զարգացումը, ներկայացրել է Հիմնադրամի հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանը:
Ներկայացման ընթացքում շեշտվել է, որ COSOP ծրագիրը կազմվել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին համահունչ, միտված է աջակցելու Հայաստանում կայուն և համընդգրկուն գյուղատնտեսության փոխակերպմանը և առաջիկա 6 տարիների ընթացքում կհանդիսանա ռազմավարական ուղեցույց գյուղատնտեսության ոլորտում պոտենցիալ ներդրողների համար: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել փոխշահավետ գործընկերություն ագրոբիզնեսի և փոքր ֆերմերային ընկերությունների միջև` նպաստելով նրանց առավել ակտիվ ներգրավվածությանը արժեշղթայի ձևավորմանը, միաժամանակ կաջակցի գյուղատնտեսության առևտրայնացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:
Ծրագրի մշակման ընթացքում հանգամանորեն վերլուծվել է գյուղական համայնքների ներկա սոցիալ-տնտեսական վիճակը, ուսումնասիրվել են գյուղերի զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրները, կարողությունները, հիմնական կարիքները, աղքատության նվազեցման հնարավոր ուղիները:
Ծրագրի բաղադրիչներից է Ագրոբիզնեսի գործընկերության ծրագիրը (Agribusiness Partnership Programm – APP), որը նախատեսվում է ներկայացնել IFAD-ի Գործադիր խորհրդի հաստատմանը 2018 թվականի դեկտեմբեր ամսին:
Միաժամանակ Ռամի Սալմանն ընդգծել է, որ ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվում է ակտիվ համագործակցություն ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, միջազգային դոնոր կազմակերպությունների և ՀԿ-ների միջև: