Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակը նշվեց Վիրահայոց թեմի ”Հայարտուն” կենտրոնում
Հունվարի 9-ին աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը կդառնար 90 տարեկան: Ազգությամբ հայ, Թբիլիսիում ծնված, ստեղծագործական արգասաբեր տարիները այստեղ և Ուկրաինայում անցկացրած և Երևանում հուղարկավորված Սերգեյ Փարաջանովի հոբելյանին էր նվիրված հուշ-երեկոն, որը նախաձեռնել էր Վիրահայոց թեմի ”Հայարտուն” կենտրոնը՝ ճանաչված լուսանկարիչ Յուրի Մեչիտովի հետ համագործակցությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդի և հոգևոր դասի մասնակցությամբ մեծ կինոռեժիսորի հիշատակին կատարվեց հոգեհանգստի կարգ:
Այնուհետև հուշ-երեկոն շարունակվեց ”Հայարտուն” կենտրոնում, որտեղ կազմակերպվել էր Սերգեյ Փարաջանովի լուսանկարների ցուցահանդես:
Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր հայրերը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանում ՀՀ դեսպանի տեղակալ Վահագն Աֆյանը, հայ և վրացի արվեստագետներ, Փարաջանովի արվեստի երկրպագուներ: Դահլիճում էր գտնվում 90-ամյա Մանանա Բարաթաշվիլին, ով մեծացել է Փարաջանովի հետ նույն բակում:
Երեկոն բացեց Վիրահայոց թեմի ”Հայարտուն” կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը:Սերգեյ Փարաջանով հանճարի մասին խոսք ասաց Յուրի Մեչիտովը, որի գիտակցական կյանքը ձևավորվել է Փարաջանովի երևակայական աշխարհի, գեղեցիկը ընկալելու և վերարտադրելու բազում դրսևորումների, հանճարեղ ստեղծագործողի դաստիարակիչ խոսքի ազդեցությամբ: Յուրի Մեչիտովը դրվագներ պատմեց Սերգեյ Փարաջանովի կյանքից:
Ներկաները դիտեցին ՌոնՀոլլովեյի ”Փարաջանով. Ռեքվիեմ” վավերագրականֆիլմը, որտեղ ճանաչված կինոռեժիսորը խոսում է ինքն իր և իր ստեղծագործական ուղու մասին: Փարաջանովի ժամանակակիցները կիսեցին իրենց հուշերը հանճարեղ կինոռեժիսորի և մեծ կոլաժիստի մասին:
Թբիլիսիի հայոց թատրոնի նախկին ռեժիսոր Միքայել Գրիգորյանը, խոսելով Փարաջանովի մասին, ափսոսանքով նշեց, որ չիրականացավ ”Սասունցի Դավիթ” էպոսը մեծ էկրան դուրս բերելու Սերգեյ Փարաջանովի մտահղացումն ու երազանքը:
Միջոցառումը դարձավ մեծատաղանդ կինոռեժիսորի ետմահու մեծարման երեկո: