Իրանը խոստովանել է սիրիական իշխանություններին աջակցելու փաստը
Իրանի ռազմական ղեկավարությունը խոստովանել է այն փաստը, որ իսլամական հեղափոխության պահակային կորպուսի զինծառայողներ են ուղարկվել հարեւան երկրներ, այդ թվում` Սիրիա, հաղորդում է “Naharnet”-ը:
Ինչպես նշել է գեներալ Մուհամեդ Ալի Ջաֆարին, ներկայումս “որոշ քանակությամբ” զինծառայողներ են գտնվում Սիրիայում եւ Լիբանանում: Ըստ նրա` իրանցի զինծառայողներն այդ երկրներում խորհրդականների դեր են կատարում, եւ որ դա ռազմական ներկայություն չի նշանակում:
Գեներալը նաեւ հայտարարել է, որ եթե Իրանի դեմ ռազմական գործողություն սկսեն, Իսլամական հանրապետության ղեկավարությունը իրեն իրավունք կվերապահի պատասխանել այդ ագրեսիային` որպես թիրախ օգտագործելով Հորմուզի նեղուցը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի բազաները Քուվեյթում, ԱՄԷ-ում, Բահրեյնում եւ Սաուդյան Արաբիայում: Ջաֆարին հիշեցրել է, որ այս բոլոր օբյեկտները գտնվում են իրանական հրթիռների գործողության շառավղի տարածքում:
Իրանցի զինծառայողներին Սիրիա ուղարկելու մասին լուրը 2012-ի սեպտեմբերի 6-ին գրել էր բրիտանական “The Daily Telegraph”-ը: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելու նպատակով իրանցի զինծառայողներին Սիրիա ուղարկելու մասին ինֆորմացիա հայտնվել էր նաեւ մինչ այդ: “Կուդս” հատուկ ստորաբաժանման հրամանատարի տեղակալը հայտնել էր, որ մինչ իրանցիների` Սիրիայում հայտնվելը, “սիրիական ընդդիմությունն արդեն չափազանց շատ մարդկանց է սպանած եղել”: Սակայն մինչ Ջաֆարիի խոստովանությունը, իսլամական հեղափոխության պահակազորի ղեկավարությունը հերքում էր իրանցի զինծառայողների ներկայության փաստը Սիրիայում: