08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սաքունցը դիմում է Միհրան Պողոսյանին և Հրայր Թովմասյանին

2013 թ. հունվարի 9-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Վանաձորի բնակիչ Դավիթ Հակոբյանը, ում իրավունքները կոպտորեն խախտվել են:

Ինչպես իր խնդիրը նկարագրում է Դ. Հակոբյանը. «Սա պարզապես իմ խնդիրը չէ, սա պետության խնդիրն է, քանի որ պետությունը պարտավոր է պաշտպանել երեխայի իրավունքները»:

Դ. Հակոբյանն արդեն 2 տարուց ավելի է պայքարում է իր երեխայի խնամքի իրավունքը ձեռք բերելու համար: Այդ նպատակով նա 2011 թ. հուլիսի 29-ին դիմել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան և խնդրել նախկին կնոջը զրկել ծնողական իրավունքներից և որպես համատեղ ամուսնությունից ծնված երեխայի ապրուստի միջոց բռնագանձել ալիմենտ: Հետագայում` 2012 թ. փետրվարի 6-ին Դ. Հակոբյանը դատարան է ներկայացրել հայցադիմումի լրացում` երեխայի խնամքը իրեն թողնելու և բնակության վայրը հաստատելու պահանջով, այնուհետև` 2012 թ. հուլիսի 28-ին Դ. Հակոբյանը հրաժարվել է ալիմենտի պահանջից:

Դ. Հակոբյանի` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան դիմելուց մոտ երկու ամիս անց` 2011 թ. օգոստոսի 15-ին, նրա նախկին կինը` Արփի Հովսեփյանը, հայցադիմում է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարան երեխայի բնակության վայրն իր հետ որոշելու պահանջով:

2011 թ. սեպտեմբերի 7-ին ԼՂՀ դատարանը որոշում է կայացնում ներկայացված հայցադիմումով գործը կասեցնել, մինչ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշում կայացնելը:

2012 թ. հուլիսի 12-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացնում է վճիռ, որով բավարարում է երեխայի բնակության վայրը հոր հետ որոշելու և խնամքը հորը հանձնելու պահանջները` չբավարարելով մորը ծնողական իրավունքներից զրկելու պահանջը:

Ա. Հովսեփյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել և 2012 թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է ներկայացված բողոքը և գործն ուղարկել նոր քննության: Առաջին ատյանի դատարանը գործի նոր քննության ընթացքում նշանակել է դատահոգեբանական փորձաքննություն և այդ հիմքով գործի քննությունը կասեցվել է:

Կարծես թե ամենը ընթանում էր օրինական ճանապարհով, սակայն 2013 թ. փետրվարի 1-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը, առանց ՀՀ-ում վերջնական դատական ակտի առկայության, անօրինական կարգով վերսկսում է կասեցված գործի վարույթը և նույն թվականի մայիսի 18-ին ապօրինաբար կայացնում որոշում, որով երեխայի խնամքը թողնում է մորը և բնակության վայրը սահմանում մոր հետ:

Դ. Հակոբյանը փորձում է ԼՂՀ վերաքննիչ և գերագույն դատարաններում բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը, սակայն այն մնում է անփոփոխ:

Այդ նույն դատարանի կողմից ԼՂՀ ԴԱՀԿ ծառայություն է ուղարկվում կատարողական թերթիկ` երեխայի խնամքը մորը թողնելու և նրա բնակությունը մոր հետ սահմանելու մասին:

Կատարողական թերթիկը ԼՂՀ ԴԱՀԿ-ն ուղարկում է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն, որտեղ 2013 թ. հոկտեմբերի 28-ին որոշում է կայացվում կատարողական թերթիկը վարույթ ընդունելու և երեխայի խնամքը մորը հանձնելու մասին:

2013 թ. դեկտեմբերի 25-ին սահմանվում է կատարողական գործողության կատարման օր, սակայն երեխայի հիվանդության պատճառով օրը հետաձգվում է մինչ 2014 թ. հունվարի 10:

Այսպիսով ակնհայտ ապօրինի ճանապարհով, խախտելով օրենդրական մի շարք նորմեր` ԼՂՀ- դատարանը երեխայի խնամքը հանձնել է մորը: Ա. Հովսեփյանը նույն առարկայի շուրջ ԼՂՀ դատարան է ներկայացրել հայց, որն էլ անօրինական կարգով  վարույթ է ընդունել, չնայած այն հանգամանքին, որ ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է , որ դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե այլ դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ:
Եթե սույն հոդվածի դրույթները տառացի ենք մեկանաբանում, ապա կարող ենք եզրակացնել, որ այն դեպքում, երբ դատարանի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միեւնույն հիմքերով վեճ, ապա հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում դատարանը պետք է մերժի ներկայացված հայցադիմումի ընդունումը:

Հաշվի չառնելով նշված բոլոր հանգամանքները, և չկատարելով քննություն` պատասխանող կողմի բացակայության պայմաններում ԼՂՀ դատարանը կայացրել էր որոշում և անհայտ հիմքերով այն իրականացման ուղարկել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն:

Դ. Հակոբյանն նկարագրելով իր խնդիրն` ասաց. «Ես չեմ կարևորում դատարանի կայացրած որոշումը, ես կարևորում եմ այդ որոշման հետևանքները: Այստեղ իմ երեխայի հարցն է և պետությունը պարտավոր է պաշտպանել երեխայի իրավունքները: Իմ համոզմամբ երեխան պետության հիմնասյունն է և եթե պետությունը ոտնահարում է երեխայի իրավունքները, այդպիսով խարխլում է իր հիմնասյուները»:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբելայի Վանաձորի գրասենյակը այս խնդրի վերաբերյալ գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին և ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` կասեցնելու հարցով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Լոռու մարզի բաժնում հարուցված կատարողական վարույթը, մինչև Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վերջնական ակտ կայացնելը:

Ինչպիսի ընթացք կստանա այս գործը կտեսնենք առաջիկայում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ