Նախագահին հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական գործունեության մեջ իր մեծ փորձով և ակտիվ գործունեությամբ նա կնպաստի հայ-լեհական հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության օրակարգի ընդլայնմանը: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի ու Լեհաստանի միջև հարաբերությունները մշտապես եղել են կառուցողական և ջերմ:
Ընդգծելով, որ անցած տարի երկու երկրները նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաև Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-ամյակը, Նախագահը երախտագիտություն է հայտնել լեհ ժողովրդին՝ հայ ժողովրդի մի հատվածի հանդեպ մինչ այժմ ցուցաբերվող բարեկամական և ջերմ վերաբերմունքի համար:
Լեհաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության համար և պաշտոնավարման շրջանում իր առաջնահերթ խնդիրը համարել մեծ ներուժ ունեցող հայ-լեհական տնտեսական կապերի խորացման, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի ուղղությամբ հետևողական աշխատանքը:
Նախագահ Սարգսյանը և դեսպան Չեպլակը քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններից բացի, քննարկել են բազմակողմ ձևաչափով՝ միջազգային կառույցներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո այդ փաստաթղթի շրջանակներում հայ-լեհական համագործակցության զարգացմանը:
Զրուցակիցները միջպետական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից մեծապես կարևորել են միջխորհրդարանական երկխոսության ակտիվացումը:
Հանդիպմանը Հանրապետության Նախագահը և Լեհաստանի դեսպանը մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: