Նախագահը ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:
Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ բարեկամ Շվեյցարիայից այսպիսի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան մեկ անգամ ևս վկայում է հայ-շվեյցարական հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաև երկու ժողովուրդների փոխադարձ համակրանքի մասին: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել մշտապես վերընթաց զարգացող երկկողմ միջպետական հարաբերությունների մասին և վստահություն հայտնել, որ պատվիրակության հագեցած օրակարգով այցն անպայմանորեն իր ազդեցությունը կունենա հայ-շվեյցարական համագործակցության ամրապնդման վրա:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դոմինիկ դը Բյումանին՝ անցած տարեվերջին Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նրան բեղմնավոր աշխատանք: Նախագահը երախտագիտություն է հայտնել Դոմինիկ դը Բյումանին՝ մինչ այժմ հայ-շվեյցարական կապերի ամրապնդման գործում նրա հետևողական աշխատանքի և նվիրումի համար: Ընդգծելով, որ Շվեյցարիան Հայաստանի համար մշտապես եղել է վստահելի գործընկեր, Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Շվեյցարիային՝ Հայաստանի համար բոլոր դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին լինելու և աջակցելու համար:
Հանրապետության Նախագահը և Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը միջպետական հարաբերությունների զարգացման գործում երկուստեք կարևորել են միջխորհրդարանական համագործակցության դերը, որը, ըստ զրուցակիցների, լավագույնս լրացնում է միջպետական օրակարգը՝ յուրովի նպաստելով ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։ Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ հետաքրքիր զուգադիպությամբ Հայաստանի և Շվեյցարիայի խորհրդարանական բարեկամության խմբերի նախկին նախագահներն այժմ ղեկավարում են Հայաստանի և Շվեյցարիայի օրենսդիր մարմինները, ինչը կրկնակի պարտավորեցնում է խորացնել կապերը երկու երկրների խորհրդարանների միջև:
Զրուցակիցները հայ-շվեյցարական առնչությունների սերտացման համար մեկ այլ կարևոր հարթակ են համարել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, որի նախագահությունը ստանձնել է Հայաստանը, և հույս հայտնել, որ այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կանցնի բարձր մակարդակով:
Սերժ Սարգսյանը և Դոմինիկ դը Բյումանը կարևորել են երկու երկրների խորհրդարանականների սերտ համագործակցությունը միջազգային հարթակներում: Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ բարձր է գնահատել 2012 թվականին Դոմինիկ դը Բյումանի գլխավորությամբ Շվեյցարիայի խորհրդարանականների բարեկամական խմբի այցը Արցախ՝ նշելով, որ նման այցերը թույլ են տալիս տեղում և անձամբ ծանոթանալ իրավիճակին:
Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի Համադաշնությանը այս հիմնահարցում հավասարակշռված դիրքորոշման, ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին աջակցելու ու խնդրի հանգուցալուծմանը նպաստելու պատրաստակամության և ջանքերի համար: