26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ներդրմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Գերմանական զարգացման բանկի (KfW) ներկայացուցիչները, «MF Strategy», «MicroInsurance Centre and AgroConsulting» կազմակերպությունների խորհրդատուները և «Swiss Re and Agroinsurance International» վերաապահովագրող կազմակերպության ներկայացուցիչները: KfW բանկի կողմից հայտարարված խորհրդատուի մրցույթի արդյունքում  ընտրվել է նշված 3 կազմակերպություններից բաղկացած կոնսորցիում, որի հետ համատեղ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Կենտրոնական բանկը կպատրաստեն գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝  գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման գործում աջակցության համար և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու գործակցությունը գյուղատնտեսական մյուս ճյուղերում ևս: Կարեն Կարապետյանը, ներկայացնելով այս բնագավառում նախաձեռնված բարեփոխումները, նշել է, որ կառավարության նպատակն արդյունավետ, խելացի գյուղատնտեսություն ունենալն է, որի կարևոր բաղադրիչներից մեկն ապահովագրությունն է: Կառավարության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ապահովագրական բիզնեսի ռիսկերի նվազեցման նպատակով այժմ իրականացվում է հակակարկտային հրթիռային համակարգի փորձնական ներդրման ծրագիր:

Հայաստանում Գերմանիայի դեսպանի խոսքով՝ գյուղապահովագրության ծրագիրը նորարարական է, հեռանկարային, և ԳԴՀ կառավարությունը պատրաստ է շարունակել օժանդակել ՀՀ կառավարությանը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը զարգացնելու համար:

KfW-ի ներկայացուցիչ Մոնիկա Գյունթները ողջունել է ՀՀ կառավարության՝ գյուղոլորտում երկարաժամկետ, կայուն զարգացման ծրագրեր իրականացնելու քաղաքականությունը և նշել, որ Գերմանական զարգացման բանկը հետաքրքրված է  Հայաստանի հետ սերտ փոխգործակցությունը խորացնելու և երկարաժամկետ հեռանկարային նախաձեռնություններ կյանքի կոչելու գործում:

Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Կենտրոնական բանկի, ապահովագրական շուկայի ներկայացուցիչների և միջազգային փորձագետների միջև կայանալիք քննարկումների օրակարգի և հետագա քայլերի շուրջ:

Փորձնական ծրագրի շրջանակում KfW բանկի կողմից տրամադրվելու է 5 մլն եվրո դրամաշնորհ և նույն չափով համաֆինանսավորում է լինելու պետական բյուջեից, որը կուղղվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ