«Կարող է ձմեռը ձյուն գալ, կարող է նաև չգալ, նույնն էլ գների տատանումն է».սոցիոլոգ
«Հայաստանը Սահմանադրությամբ սոցիալական պետություն է, ինչը նշանակում է, որ պետությունը պարտավորություն ունի ապահովել նվազագույն սոցիալական պայմաններ քաղաքացու համար, որպեսզի նա դրսում չհայտնվի»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ադիբեկյանը նկատում է, որ թանկացումները եղանակի նման փոփոխական են:
«Կարող է ձմեռը ձյուն գալ, կարող է նաև չգալ, նույնն էլ գների տատանումն է, քանի որ եթե միջազգային շուկայում գների տատանում է լինում, մենք չենք կարող դրանից խուսափել: 2007-2009 թթ.-երին ՀՀ-ուն կարողացանք ճգնաժամը մեղմացնել, ինչը նշանակում է, որ մենք միջազգային շուկաների հետ լուրջ կապված չէինք»,- նկատում է սոցիոլոգը
Ադիբեկյանի խոսքով`եկամուտ ունենալու ճանապարհներից մեկը պարտք վերցնելն է: Միևնույն ժամանակ նա գտնում, որ պարտքի ավելացումը ՀՀ-ի համար ճանապարհ չէ, քանի որ մենք հասնել ենք կարմիր գծին:
«Եթե մի քիչ էլ վերցնենք, կարող ենք հասնել մի վիճակի, որ որևէ մեկը մեզ պարտք չտա, կարող ենք դեֆոլտ հայտարարել, սակայն սա էլ նշանակում է, որ երկիրը դառնում է 2-րդ կարգի ոչ վստահելի առևտրային գործընկեր»,- նշեց նա:
Սոցիոլոգը նկատում է`Հայաստանում ընտանիքների 2/3-րդն ապրում է աշխատավարձով՝ պետական կամ մասնավոր ոլորտի աշխատողները։ Պետական աշխատողը միջինում 325 դոլար է ստանում, իսկ մասնավորում՝ 400 դոլար: Նա շեշտեց, որ ՀՀ-ում կա 600 հազար նպաստառու՝ 470 հազարը թոշակառուներ են, 112 հազարը՝ ընտանեկան նպաստ ստացողներ, երեխաների նպաստ էլ ստանում է 12 400 հոգի: