18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախագահին առողջապահության նախարարը զեկուցել է ոլորտի բարեփոխումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր զեկուցել է առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների, ոլորտի զարգացման ծրագրի, գերակա խնդիրների, ինչպես նաև Հանրապետության Նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։

Ներկայացնելով 2017թ. իրականացված և ընթացիկ տարում շարունակվող ծրագրերը` նախարար Ալթունյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտի ֆինանսական վերահսկողության և թափանցիկության ապահովման, մասնավորապես, բյուջետային միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման և նոր մեխանիզմների ներդրման, վերահսկողության կատարելագործման արդյունքում խնայված միջոցներն ուղղվել են դեֆիցիտ ունեցող առողջապահական ծրագրերի ֆինանսավորմանը:

Նախարարը նշել է, որ գնման գործընթացների կենտրոնացման և նոր մեխանիզմների ներդրման արդյունքում ևս ակնկալվում է ֆինանսական միջոցների տնտեսում և բնակչության բժշկական սպասարկման բարելավում։ Խոսքն ինչպես պոլիկլինիկական օղակում տրամադրվող դեղերի և պետպատվերի շրջանակում իրականացվող հիվանդանոցային ծառայությունների որակի բարձրացման, այնպես էլ ծավալների մեծացման մասին է։

Նախարար Ալթունյանի հավաստմամբ՝ շարունակվում են սոցիալապես անապահով անձանց համար հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների ապահովմանն ուղղված ծրագրային աշխատանքները, որոնց համար հիմք է հանդիսանում սոցիալական փաթեթի շուրջ 100,000 շահառուի համար պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթների միջոցով բժշկական օգնության արդյունքների ամփոփումը։ 2017թ. հոկտեմբերի 1-ից ներդրված այս ծրագրի շրջանակում, Լևոն Ալթունյանի ներկայացմամբ, ծառայություններ է մատուցվել 35.800 շահառուի։

Նախարարը զեկուցել է նաև, որ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման և բժշկական ծառայությունների որակի ապահովման նպատակով Պետական առողջապահական գործակալությունում ներդրվում է դեպքերի անհատական վարման ինստիտուտ:

Առողջապահության նախարարը ներկայացրել է նաև Հանրապետության Նախագահի հանձնարարականի համաձայն բժշկական ծառայությունների որակի բարելավման նպատակով կլինիկական ուղեցույցների, պացիենտի վարման գործելակարգերի և ընթացակարգերի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։ 2017 թվականին օտարերկրյա առաջադեմ փորձի հիման վրա թարգմանվել, տեղայնացվել և նախարարի հրամաններով հաստատվել են նախատեսված ավելի քան 300 փաստաթղթերը։

Սերժ Սարգսյանը առողջապահության ոլորտում շարունակվող ծրագրերից կարևորել է ռազմավարական նշանակություն ունեցող՝ Էլեկտրոնային առողջապահական համակարգի հնարավորությունների ընդլայնումը: Այս կապակցությամբ առողջապահության նախարարը զեկուցել է, որ շուտով կմեկնարկի համակարգում ներբեռնումներ կատարող մասնագետների ուսուցումը, որից հետո պետական բժշկական կազմակերպությունները կապահովվեն անհրաժեշտ քանակի համակարգիչներով։

Իր զեկույցում նախարարն ընդգծել է, որ հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավման և առողջ կյանքի տևողության երկարացմանն են ուղղված 2018թ. մեկնարկած ոչ վարակիչ հիվանդությունների՝ սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարությունների հայեցակարգերի մշակումը։ Այդ նպատակով ստեղծվել են ներկայացուցչական հանձնաժողովներ։ Առանձին ծրագրով համակարգված աշխատանքներ են տարվում երկրում տուբերկուլոզի վերացման ուղղությամբ։

Հանրային առողջապահական ծրագրերի հաջողության ապահովման գործում Հանրապետության Նախագահը մեծ դեր է վերապահել առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների աշխատանքին, որի արդյունավետության բարձրացման ուղղությամբ նախարարությունն առաջիկայում համապատասխան քայլեր կձեռնարկի:

Նախարար Ալթունյանը զեկուցել է նաև, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կավարտվի առողջապահության զարգացման հայեցակարգի լրամշակումը և կներկայացվի քննարկման, իսկ մինչև տարեվերջ կավարտվի «Առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը, որը նույնպես կներկայացվի հանրային լայն քննարկման:

Հանրապետության Նախագահի հետ նախարարի աշխատանքային հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև մարզային հիվանդանոցների արդիականացման, ենթակառուցվածքների ստանդարտացման և այլ ծրագրերի ընթացքին։

Նախագահը հանձնարարել է արագացնել աշխատանքները բժշկական ասոցիացիաների ֆունկցիոնալ բարեփոխումների ռազմավարության մշակման ուղղությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ