Քաղցկեղով հիվանդացության մակարդակը բավականին նվազել է. Խաչանուշ Հակոբյան
Փետրվարի 4-ին՝ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝ այս տարի իրենց կենտրոնի ցուցանիշները վկայում են այն մասին, որ քաղցկեղով հիվանդացության մակարդակը բավականին նվազել է, հատկապես կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների թիվն է պակասել:
«Սակայն մենք գիտենք, որ քաղցկեղը չարամիտ հիվանդություն է, երբ սկսում է կազմավորվել, դառնալ շոշափելի, նոր միայն մարդը հասկանում է, որ ունի հիվանդություն: Կազմավորման փուլում հանգիստ են զգում, ախտանիշ չեն զգում, իսկ երբ արդեն զգում են, արդեն հիվանդությունը քայքայած է լինում օրգանիզմը»,-ասաց բանախոսը:
Նա շեշտեց՝ ԱՀԿ տվյալներով՝ քաղցկեղը մահացությունների երկրորդ պատճառն է՝ սիրտ-անոթային հիվանդություններից հետո:
«2015թ. տվյալներով՝ 8 մլն 800 000 մարդ մահացել է քաղցկեղից, աշխարհում ամեն վեցերորդ մարդու մահվան պատճառն է:
Յուրաքանչյուր տարի աշխարհում գրանցվում է քաղցկեղի մոտ 14 մլն դեպք, միայն կրծքագեղձի քաղցկեղի 1.250.000 նոր դեպք է արձանագրվել: Ցավոք, ամեն տարի այս հիվանդության հետևանքով 570.000 մարդ մահանում է»,-ասաց բանախոսը: