ՊԵԿ-ի մի ամբողջ վարչություն է լուծարվել. Հովիկ Աբրահամյանի փեսան հարվածի տակ է. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում որոշվեց լուծարել պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը:
ՊԵԿ կառուցվածքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լուծարված վարչության գործառույթները փոխանցվել են հյուսիսային, հարավային, արեւելյան եւ արեւմտյան մաքսատներ վարչություններին: Վարչություններն այժմ ունեն նոր անուն՝ մաքսատուն-վարչություն:
Լուծարված վարչությունն իր մեջ ներառում էր 9 առանձին բաժիններ: Ամեն բաժին իր հերթին ուներ ղեկավար, իսկ վարչությունը ղեկավարում էր Գեղամ Մովսիսյանը, որը ԱԱԾ-ի օպերից հասել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդականի, ապա լուծարված վարչության պետի պաշտոնին: Այսինքն, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ միասին «Գազպրոմ»-ից էր եկել ՊԵԿ:
Ի դեպ, ՊԵԿ-ի Արեւմտյան մաքսատուն-վարչության պետ Վլադիմիր Թամրազյանը նախխկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան է: Թամրազյանը մինչ այս աշխատում էր որպես «Զվարթնոց» մաքսատան պետ: Հետաքրքիր է, այս վերադասավորման արդյունքում նախկին վարչապետի փեսան կմնա՞ ՊԵԿ-ում, թե ոչ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում