26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է ոլորտի բարեփոխումները և իրականացվող ծրագրերը

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր զեկուցել է 2017 թվականի ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքների, ինչպես նաև 2018 թվականին մեկնարկած և նախատեսվող նոր ծրագրերի ու Հանրապետության Նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: 

Նախարար Իգնատի Առաքելյանի զեկուցմամբ` 2017 թվականից վերանայվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական սուբսիդավորման քաղաքականությունը, և գյուղացիական տնտեսություններին տրամադրվող օժանդակությունն այժմ նպատակաուղղվում է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, որի շնորհիվ էլ նախատեսվում է ունենալ ավելի եկամտաբեր, արդյունավետ և ներդրումների համար գրավիչ գյուղատնտեսություն: 

Նախարարը նշել է, որ 2017 թվականին մեկնարկել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության մի շարք նոր ծրագրեր, որոնց արդյունքներն արդեն նկատելի են դրանցից օգտված շահառուների համար:

Իգնատի Առաքելյանը զեկուցել է նաև, որ ի կատարումն Հանրապետության Նախագահի հանձնարարականի՝ աշխատանքներ են տարվել գյուղմթերքի արտահանման խթանման ուղղությամբ: Նախարարը տեղեկացրել է, որ այս պահին նկատվում է դրական դինամիկա. արձանագրվել է պահածոյացված արտադրանքի շուրջ 28 տոկոս, կոնյակի 37 տոկոս և գինու ավելի քան 48 տոկոս աճ: Գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացման ու աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով 2017 թվականի մայիսի 24-ին Նախագահի տված հանձնարարականի հիման վրա մշակվել և արդեն իրականացվում են մի շարք ծրագրեր: 

Նախարար Առաքելյանի զեկուցմամբ՝ 2017 թվականին մեկնարկել են նաև գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության, ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրերը, գյուղացիական տնտեսություններին արդեն հասանելի է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը՝ առավել շահավետ պայմաններով: Այս տարի մեկնարկել են կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման պետական աջակցության ծրագրերը: Ոլորտի զարգացումն ապահովելու համար Հանրապետության Նախագահը կարևորել է ապահովագրության ներդրումը, որի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է ընթացիկ տարում: Նախարար Իգնատի Առաքելյանի հավաստմամբ՝ 2018 թվականին նախատեսվում է ընդլայնել լիզինգի ծրագրով տրամադրվող տեխնիկայի և գյուղատնտեսական գործիքների ցանկը: Ընթացքի մեջ են գյուղտեխնիկայի պարկերի ստեղծման աշխատանքները:

Նախարարը նաև զեկուցել է, որ այս տարի գյուղատնտեսության նախարարության պետական օժանդակության ծրագրերն առավելապես միտված են լինելու անասնապահության ոլորտի զարգացմանը, մասնավորապես՝ նախատեսվում է նոր տոհմաբուծարանների հիմնում: Իգնատի Առաքելյանի հավաստմամբ՝ քայլեր կձեռնարկվեն նաև կերարտադրության զարգացման ուղղությամբ:

Նախարարը տեղեկացրել է, որ նախարարությունում ներկայումս մշակվում է գուղատնտեսության զարգացման ռազմավարությունը: 
 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ