Զինվորը ինքնասպանության է դիմում` սիրած աղջկան կորցնելու մտքից
“Իմ մտքով երբեք չի անցել ինքնասպանություն կատարել, թեկուզ սկզբից ստեղ շատ դժվար էր”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ-ի պաշտպանության բանակում ծառայող Կ. Գ-ը: Մեր զրուցակցից փորձեցինք պարզել, թե ինչը կարող է զինվորի համար պատճառ հանդիսանալ, որպեսզի նա դիմի այդ ծայրահեղ քայլին:
Զինվորը նշեց, որ շատ զինվորներ այդ քայլին դիմում են, երբ իմանում են, որ իրենց սիրելի աղջիկը դավաճանել է կամ իրենց ամենասիրելի մարդկանցից մեկը մահացել է:
Մեր զրուցակիցը հպարտությամբ պատմեց, որ իր զինակից ընկերոջը ինքն է ետ պահել ինքնասպանությունից: “Մոտ ընկերս է, մի դասարանում ենք սովորել, հիմա էլ իրար հետ ծառայում ենք: Միշտ խոսում ենք, ամեն ինչ պատմում: Շատ լավ է, երբ բանակում ընկեր ես ունենում: Մի անգամ չեկավ ճաշարան: Փնտրեցի` գտա:
Կռվել էր ընկերուհու հետ, ինչքան հասկացա վերջնական էին կռվել ու ինքը անընդհատ ասում էր, որ վերջ, էլ ինչի պիտի ապրի”:
Հոգեբան Գագիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում համաձայնեց, որ սիրածից բաժանումը հաճախ է դառնում նման ողբերգական ավարտի պատճառ: Սակայն զինվորի ինքնասպանության հիմքում կարող են շատ այլ գործոններ ընկած լինել. “Հարմարվելը կարող է մեկը լինել, մյուսը կարող է լինել ինքնագնահատականի անկումը, կյանքի իմաստի կորուստը”,-ասաց նա:
Հոգեբան Կարինե Նալչաջյանը հավելեց, որ ամեն մի ինքնասպանության դեպք յուրահատուկ անձնական ողբերգություն է, որևէ դեպքի մասին հոգեբանական պատկերացում ունենալու համար պետք է ուսումնասիրել մասնավոր դեպքը:
Նալչաջյանի խոսքով, ինքնասպանության դիմում է մարդ, ով իրեն համարում է անելանելի վիճակում, իր կյանքում որևէ հեռանկար չի տեսնում, համարում է, որ իր համար ամեն ինչ ավարտված է, կյանքում ոչինչ չի փոխվի, չի շտկվի: