Ս. Կարապետյանը մեծ բարերար է, նրա հայանպաստ գործունեությունն անգնահատելի է. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ Սամվել Կարապետյանը մեծ բարերար է և՛ Էջմիածնում, և՛ Արցախում, և՛ ՀՀ-ում, և նրա հայանպաստ գործունեությունն անգնահատելի է։ Այս մասին նա նշեց ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում այն փաստը, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած՝ Ռուսաստանի պաշտոնյաների և գործարարների ցանկում ընդգրկված է նաև հայազգի գործարար Սամվել Կարապետյանը:
«Նա հայ ժողովրդի այն արժանի զավակներից է, ով իր լուրջ ներդրումն է ունեցել և ունի ցանկացած հայապահպանական գործում Ռուսաստանում, ավելին՝ Հայաստանի մշակույթի, հայ առաքելական եկեղեցու, Հայաստան պետության կողքին Սամվել Կարապետյանն առնվազն վերջին տասնամյակում մշտապես կանգնած է եղել»,-հավելեց Է. Շարմազանովը։
Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա ՀՀԿ խոսնակն ընդգծեց. «Ես Հայաստանում չեմ, ձեզնից եմ լսում այդ մասին, և դա իմ մեկնաբանելու հարցը չէ։ Ես կարող եմ իմ կարծիքն արտահայտել Սամվել Կարապետյանի գործունության մասին. Սամվել Կարապետյանի և Ռուսաստանում ապրող շատ ու շատ հայորդիների գործունեությանը ես միայն վերաբերվում եմ բարձր հարգանքով։ Նա թե՛ մեր բանակի, թե՛ մեր պետության, թե՛ հասարակության, թե՛ սպորտի կողքին է։ Սամվել Կարապետյան, Արթուր Ջանիբեկյան, Ռուբեն Վարդանյան, նրանք մշտապես եղել են մեր ժողովրդի կողքին, և մենք իրավունք չունենք չգնահատելու»։