«Հրատապ միջոցներ ձեռնարկեք, այլապես…».քաղաքացիները` Սերժ Սարգսյանին
Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Հարգարժան պարոն նախագահ, ս/թ-ի հունվարի 25-ին ուժի մեջ մտած ՀՀ «Դատական օրենսգրքի» փոփոխությունները մեծ անհանգստություն և խառնաշփոթ են առաջացրել Երևանի բնակչության շրջանում և ոչ միայն:
Նախ՝ իրավական տեսակետից. Ձեր կողմից 15.01.2009թ-ին ստորագրված «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ուժով Երևանն ունի համայնքի կարգավիճակ (հոդված 2, կետ 1) և Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է (հոդված 2, կետ 2): ՀՀ «Դատական օրենսգրքի» փոփոխությունների ուժով Երևան քաղաքում գործող թվով 7 վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները վերածվեցին մեկ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի: Նման կարգավորումը հակասում է ավելի վաղ ընդունված օրենքին և սխալ է, քանի որ լավագույն դեպքում մայրաքաղաք Երևանում գործող դատարանը պետք է կոչվեր՝ Երևան համայնքի ընդհանուր իրավասության դատարան: Հակառակ դեպքում մարզերում ստիպված եք հավասարակշռությունն ապահովելու համար ստեղծել մարզկենտրոնային դատարաններ (օր.՝ Մասիս քաղաքի դատարան, Աբովյան քաղաքի դատարան, Կապան քաղաքի դատարան և այլն):
Բացի այդ, ստեղծված դատարանի նստավայրերը, ըստ մասնագիտացումների բաշխելը հակասում է ընդունված օրենքին այնքանով, որքանով՝ Երևան քաղաքում ընդհանուր իրավասության դատարանները մասնագիտացված դատարաններ չեն: Ընդդատության տեսակետից. Երևան քաղաքում շարունակում են գործել վարչատարածքային միավորումները՝ վարչական շրջաններն իրենց՝ աշխատակազմերով, դատախազություններով և ոստիկանության բաժիններով: Նման պայմաններում հակասություն և քաոս է առաջանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ գլխի կիրարառման համար, քանի որ դեռ ուժի մեջ է այդ իրավանորմը, վարչական շրջաններում գործում են հետաքննության և նախաքննության մարմիններ: Այսինքն. միաժամանակ, համապատասխան օրենքների փոփոխություններով պետք է վերանային նաև վարչական շրջանների աշխատակազմերը, դատախազությունները, ոստիկանության ու քննչական կոմիտեի բաժանմունքները: Նրանք, ինչպես և դատարանները, պետք է ընդամենը ունենային նստավայրեր, իսկ վարչական շրջանների ղեկավարները, դատախազները, ոստիկանապետերը և բաժանմունքների պետերը պետք է պաշտոնանկ արվեին՝ վերածվելով շարքային աշխատակիցների, ինչպես՝ դատարանների նախագահները, աշխատակազմի ղեկավարները և գրասենյակի պետերը: Երևանում պետք է գործի Երևան համայնքի մեկ դատախազություն, Ոստիկանության Երևան համայնքի մեկ վարչություն, քննչական կոմիտեի Երևան համայնքի մեկ վարչություն, իսկ նախկին թաղապետարաններն՝ իրենց թաղապետներով, դատախազությունները՝ դատախազներով, ոստիկանության և քննչական կոմիտեի բաժանմունքները՝ իրենց պետերով, պետք է անցնեն վաստակած հանգստի: Նման դեպքում չենք ունենա գործերի տարածքային ընդդատության խնդիր: Այլապես՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր քաղաքում միակ ավելորդը դատարանների նախագահները, աշխատակազմի ղեկավարներն ու գրասենյակի պետերն էին և բոլոր հարցերի կարգավորումը դատարանների վերակազմավորման մեջ էր ու այսուհետ ապրելու ենք ապահով, արդարադատ երկրում: Այս ամենի արդյունքում հարց է ծագում, թե որքանո՞վ է ստեղծված դատարանը համարվելու օրենքի հիման վրա ստեղված, իսկ իրականացվող արդարադատությունը՝ օրինական:
Սոցիալական տեսակետից. Փոփոխության արդյունքում անձը ստիպված է լինելու իր շահերի պաշտպանությունն իրականացնելու կամ իր դեմ հարուցված հայցի կապակցույթամբ կամ, որպես վկա, իր սահմանադրական պարտավորությունը կատարելու կամ իր դեմ ներկայացված մեղադրանքից պաշտպանվելու համար լրացուցիչ ֆինանսական կորուստներ կրել: Ձեր կողմից ստեղծված և ներկայումս գործող օրենսդրության համաձայն, դատական պաշտպանությունն իրականացվում է բացառապես փաստաբանների մասնակցությամբ՝ այն պարզ պատճառով, որ բնակչության իրավագիտակցությունը թույլ չի տալիս անձամբ իրականացնել այն՝ օրենսդրական դաշտի բարդ, խրթին, սողանցքներով, բացերով և որոշակիությունից զուրկ լինելու պատճառով: Դատական օրենսգրքի փոփոխությունների հետևանքով վերանում է դատարանի տարածքային որոշակիությունը, ինչն արհեստականորեն և արդարացված աճեցնելու է ծառայության վճարը: Այսինքն՝ հիմնովին խաթարվում է նաև անձի դատական մատչելիության իրավունքը:
Բարոյահոգեբանական, դաստիարակչական և անվտանգության նորմերի տեսանկյունից. Քրեական գործերի կենտրոնացումը միայն Շենգավիթ, Կենտրոն և Նորք-Մարաշ, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարաններում հակասում է հենց վերոգրյալ նորմերին: Ի՞նչ մեղք ենք գործել Նոր Նորքի 4-րդ զանգվածի դատարանի շենքին հարակից բազմաբնակարան շենքերի բնակիչներս. մենք հակառակ մեր կամքի ստիպված ենք լինելու յուրաքանչյուր օրն անցկացնել ոստիկանական շրջափակումների, հանցագործ տարրերի, «թաղային հեղինակությունների» միջավայրում: Եվ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնելու. ավելին՝ տարբեր թաղամասերի հանցավոր խմբավորումների համար նոր հանցավոր տարրեր պարունակող ծանոթություններ ձեռք բերելու լայն է հնարավորություն է ստեղծվում և նոր հանցավոր համաձայնություններ ձեռնարկելու լայն շրջանակ: Թիրախային են դառնալու հարակից բնակարանները և առևտրային օբյեկտները, փախուստի հնարավոր տարբերակներ մշակելը դառնալու է առավել դյուրին, մի խոսքով՝ այս ամենը նպաստելու ու հանգեցնելու է հանցավորության աճին: Քաղաքացիական և քրեական գործերի մեկ դատարանում, քննության ընթացքում, դեռ կարելի էր հանդուրժել 3-4 դատավորների կողմից նման գործերի քննությունը, քանի որ քաղաքացիական գործերի հաշվին գոնե պահպանվում էր հավասարակշռությունը: Այժմ նույնիսկ դրա մասին երազել չենք կարող: Եթե նախկինում մի կերպ հանդուրժում էինք ՊՊԾ գնդի գրավման գործով շաբաթվա 2 օրը անցկացնել ոստիկանական խմբավորումների, մեքենաների ազդանշանների ու ամեն վայրկյան նոր ահաբեկության սպասելու տագնապի մեջ, հիմա դա պետք է կրի ամենօրյա ու ամենժամյա բնույթ: Ես՝ անձամբ, դա չեմ հանդուրժի և չեմ պատրաստվում բնակարանս վաճառել միայն այն պատճառով, որ երկու դատարկագլուխ հիշել են, թե իրենք ուղեղ ունեն ու այն պետք է գործի դրվի: Ի՞նչ դաստիարակություն պետք է ստանան շրջակայքում մեծացող մեր երեխաները, նույնը վերաբերվում է նաև մյուս քրեականացված դատարաններին: Գաղտնիք չէ, որ Շենգավիթի դատարանը Հայ մեծերի աճյունները ամփոփող պանթեոնի հարակից տարածքում է գտնվում: Արդյո՞ք անվտանգ է դառնալու այգում զբոսանքի դուրս եկած անձանց կյանքն ու առողջությունը: Արդյո՞ք նրանք չեն հայտնվելու ամեն վայրկյան պարապ-սարապ նիստին սպասող հանցագործ տարրերի թիրախում: Կենտրոն դատարանի մասին խոսք անգամ լինել չի կարող՝ մարդաշատ, բանուկ, առևտրի կենտրոններով լեցուն ու կանգառին հարակից: Արդյո՞ք տրամաբանությանը մոտ է՝ 8-10 քրեական մասնագիտացում ունեցող դատավորների կենտրոնացնել մեկ վայրում: Արդյո՞ք այդ դատարանները հագեցած են համապատասխան քանակի կալանախցերով, անվտանգության համակարգերով: Արդյո՞ք ոստիկանները պատրաստակամ են պայքարել 30 կալանավորի դեմ միաժամանակ, նախկին՝ սակավաթիվ անձանց փոխարեն: Արդյո՞ք դատարանները հագեցած են քրեական գործեր լսելու համար հարմարեցված և բազմաքանակ դիտորդներ ընդունելու հնարավորությամբ դահլիճներով: Արդյո՞ք նախկինում քաղաքացիական գործեր քննելու համար հարմարեցված դահլիճները բավարար են ծառայել քրեական գործեր քննելուն: Թերևս նստավայրերից միայն Էրեբունու վարչական շրջանինն է անվտանգության տեսանկյունից որոշակիորեն ապահովված, քանի որ պատկից է վարչական շրջանի դատախազությանը և ոստիկանությանը: Բացի այդ՝ հարմար է նաև պետբյուջեի խնայողության տեսանկյունից, քանի որ մոտ է մեկուսարաններին և քրեակատարողական հիմնարկներին, ինչու չէ, նաև հագեցած է բազմամարդ դահլիճներով: Սակայն, ի զարմանս բոլորի, այն քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատարանի է վերածվել:
Հարգելի նախագահ, ՀՀ Սահմանադրության համաձայն մեր երկիրը ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այս բաց նամակով անդրադառնալով արդարադատության բնագավառում տեղ գտած փոփոխություններին և դրանցից բխող անբարենպաստ հետևանքներին, որպես ժողովրդի մաս կազմող Երևանի բնակչություն, դիմում ենք Ձեզ. որպես ՀՀ Նախագահ և ապագա ՀՀ Վարչապետ, քրեական գործերով համակենտրոնացում կատարելու պայմաններում կարո՞ղ եք երաշխավորել քաղաքացիներիս անվտանգությունը, հանցագործություն գործած անձանց փախուստների հավանական կանխումները, մեր երեխաների անվտանգ զբոսանքը, ոստիականական խմբավորումների բացակայությունը, ապահովել առանց տագնապի խաղաղ ապրելու մեր իրավունքը, ինչու՞ չէ, նաև դատարանի աշխատակիցների անվտանգությունը: Երաշխիքների բացակայության պայմաններում առաջարկում ենք նստավայրերում պահպանել նախկին քաղաքացիական-քրեական գործեր քննելու հնարավորությունը:
Պարոն նախագահ, խնդրում ենք անմիջապես միջոցներ ձեռնարկել և լրջորեն անդրադառնալ վերոնշյալ ու դրանցից բխող մի շարք խնդիրներին, ինչպես նաև վերանայել հունվարի 25-ին ուժի մեջ մտած ՀՀ «Դատական օրենսգրքի» փոփոխությունների հիման ձեռնարկված գործընթացների իրականացումը:
Խնդրում ենք չանտեսել մեր՝ քաղաքացիներիս բողոքի ձայնը, հակառակ դեպքում այն լսելի դարձնելու համար ստիպված կլինենք ինքներս դիմել կանխարգելիչ միջացառումների:
Ավան և Նոր Նորք դատարանի հարակից շենքերի բնակիչներ