«Եթե ինձ անվանեք ամբաստանյալ, ապա ես Ձեզ կանվանեմ դատական կատարածու».Արամ Մանուկյանը՝ դատավորին/տեսանյութ/
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը:
Դատական նիստը լարված մթնոլորտում մեկնարկեց: Ամբաստանյալները պահանջում են գործի վարույթից հեռացնել հանրային պաշտպաններին: Դատավորը նշում է, որ հանրային պաշտպանները զուգահեռ պաշտպանություն են իրականացնում և չի հեռացնելու նրանց գործի վարույթից:
«Ինչո՞ւ եք պարտադրում իմ հարգարժան կոլեգաներին նստել այս դահլիճում:Թող գնան այլ գործերով զբաղվեն»,-հարց բարձրացրեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
Պաշտպանները պահանջում են վերջ տալ անօրինականությանը, քանի որ վերաքննիչ դատարանում բողոքարկելու են դատավորի որոշումը:
«Անցած նիստին հայտարարեցինք, որ ամենայն հարգանք ունենալով հանրային պաշտպանի ինստիտուտի նկատմամբ հրաժարվում ենք նրանցից: Հիմա ինչո՞ւ եք այս մարդկանց պահում այստեղ»,-նկատեց «Սասնա ծռերի» անդամ Վարդան Գերավետյանը:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշեց, որ դատավորի այս որոշումը ակնհայտ մարդու իրավունքների խախտում է:
«Հանրային պաշտպանները պարտավոր են վեր կենալ ու դուրս գալ դատական նիստերի դահլիճից, քանի որ նրանք պաշտպան համարվել չեն կարող: Պաշտպան համարվելու համար նրանք պետք է ունենային մեր պաշտպանյալների համաձայնությունը:Հետևաբար հանրային պաշտպանների կողմից արվելիք յուրաքանչյուր հայտարարություն կարող է դիտվել ի վնաս մեր պաշտպանյալների»,-նշեց գործով պաշտպան Մուշեղ Շուշանյանը:
«Սասնա ծռերի» անդամ Արամ Մանուկյանը հարց ուղղեց դատավորին: Դատավորը ասաց, որ ինքը հարցերի չի պատասխանում. «Ես հարցերի չեմ պատասխանում ամբաստանյալ Մանուկյան»,-Արամ Մանուկյանին դիմեց դատավորը:
Արամ Մանուկյանը վրդովեց և ցանկացավ դուրս գալ դահլիճից:
«Եթե ինձ անվանեք ամբաստանյալ, ապա ես Ձեզ կանվանեմ դատական կատարածու»,-արձագանքեց Արամ Մանուկյանը(Պավլիկ Մանուկյանի որդին):
Արամ Մանուկյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը հորդորեց նրան՝ չլքել դահլիճը:
Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:
Մանրամասները` տեսանյութում: