18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիայի ապակառուցողականության պատճառով հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ չի գրանցվել. ՀՀ ԱԳՆ

Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հայ-թուրքական հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ չի գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողmiց հրապարակված 2017 թվականի գործունեության ամփոփիչ զեկույցում:

«Միջազգային հանրությունը շարունակել է աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում իր ելույթում նշել է, որ ՀՀ-ը Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի դարձրել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար, և Թուրքիայի կառավարությունն անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում Ցյուրիխյան արձանագրությունները վավերացնելու համար:

Նույն ելույթում ՀՀ Նախագահը հայտարարել է, որ արձանագրությունների վավերացման գործընթացում Թուրքիայի կողմից դրական տեղաշարժի բացակայության պայմաններում ՀՀ-ն այդ երկու
արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ և 2018 թվականի գարուն է մտնելու առանց այդ արձանագրությունների: ՀՀ արտգործնախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ»,- ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

2017 թվականին հայկական դիվանագիտության առաջնահերթությունների շարքում շարունակել է մնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը, ինչպես նաև Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերում:

«ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կազմակերպմամբ և մասնակցությամբ բազմաթիվ երկրներում անցկացվել են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։ 2017 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ նահանգների թիվը հասել է 48-ի: Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած նահանգներին են միացել Վայոմինգը (ապրիլի 21), Թեխասը (մայիսի 19), Այովան (օգոստոսի 24), Ինդիանան (նոյեմբերի 6): Հաշվետու տարում Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են նաև մի շարք երկրների տեղական ինքնակառավարման մարմիններ»,-ասված է զեկույցում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ