2014-ը խաղաղություն եւ բարօրություն բերի մեր երկրին ու մեր ընտանիքներին. Տարոն Մարգարյան
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը.
Սիրելի հայրենակիցներ, սիրելի երեւանցիներ,
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ:
Անշուշտ, Նոր տարվան առանձնակի սիրով ու ջերմությամբ սպասում ենք բոլորս: Սպասում ենք այն ակնկալիքով, որ Նոր տարում կիրականանան մեր նվիրական այն երազանքները, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր սրտում: Ու տա՛ Աստված, որ իրականանան մեր բոլորի բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները:
Տարեմուտի շեմին նաեւ ընդունված է հետադարձ հայացք ձգել անցնող տարուն, ամփոփել արվածն ու կազմել նոր ծրագրեր հաջորդ տարվա համար: Անցնող տարին, կարող ենք վստահաբար ասել, որ մեր սիրելի Երեւանն ամփոփում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում արձանագրված մի շարք հաջողություններով ու ձեռքբերումներով:
Մայրաքաղաքին ու մեր բնակչության հարմարավետության ապահովմանն առնչվող տարեկան բոլոր ծրագրերը, շնորհիվ համակարգված ու արդյունավետ աշխատանքի, հաջողությամբ կյանքի են կոչվել: Դրանում, անշուշտ, մեծ է նաեւ ձեր դերակատարումը, սիրելի երեւանցիներ, քանզի այդ ամենը կյանքի է կոչվել ինչպես ձեր վստահության ու նվիրումի, այնպես էլ ձեր աջակցության, հաճախ նաեւ անմիջական մասնակցության շնորհիվ: Եվ ես համոզված եմ, որ այդ նույն վստահությամբ եւ նվիրումով աշխատելու ենք նաեւ 2014-ին ու հաջորդող բոլոր տարիներին, որպեսզի օր առաջ ունենանք մեր բոլորի երազած ապահով, մաքուր, հարմարավետ ու ավելի լավ Երեւանը:
Երեւանը բոլորիս տունն է, մեր մեծ ընտանիքը, ուր բազմաթիվ հայորդիներ այս օրերին բարեմաղթանքներ են հղում, որոնց սրտանց միանում եմ:
Թող Նոր տարին երջանկություն, սեր ու համերաշխություն բերի բոլորին: Թող անցնող տարում մնան բոլոր դժվարություններն ու հոգսերը եւ թող բոլորս դրական նոր լիցքերով, սեփական ուժերի հանդեպ վստահության զգացումով մտնենք նոր տարի: Ու թող, որ 2014-ը խաղաղություն եւ բարօրություն բերի մեր երկրին ու մեր ընտանիքներին:
Սիրելի հայրենակիցներ, սիրելի երեւանցիներ, մայրաքաղաքի սիրելի հյուրեր,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ առողջություն, հաջողություններ բոլոր ձեռնարկումներում եւ անսահման սեր ու երջանկություն բոլոր ընտանիքներում: