Այց Տավուշի մարզի զորամասեր /ֆոտո/
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այցելեցին ՀՀ Զինված ուժերի հյուսիս- արևելյան սահմանագոտու N զորամասեր: Հանդիպելով սպայական կազմի և զինվորների հետ` նախարարները շրջեցին զորամասերում, ծանոթացան նրանց կեցության պայմաններին, զրուցեցին հայրենիքի սահմանների պաշտպանների հետ: Օրն իսկական տոնի վերածվեց հինգ զինվորների համար, ովքեր իրենց զինվորական գրքույկները ստացան նախարարների և մարզպետի կողմից: ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, շնորհավորելով բոլոր զինվորների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ընդգծեց օրվա կարևորությունը և զինվորի մեծ դերը հայրենիքի պաշտպանության գործում:
”Ինձ համար այսօր մեծ պատիվ է ձեր առջև կանգնել, քանզի դուք մեր հայրենիքի, մեր սահմանների, մեր հաղթանակած բանակի զինվորներն եք: Շնորհավորում եմ ձեր Ամանորը և մաղթում ամենակարևորը` առողջ եղեք”,-ողջույնի իր խոսքում ասաց նախարարը: Միանալով շնորհավորանքներին`ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը կարևորեց նախաձեռնությունը և խոստացավ, որ այս այցերը շարունակական են լինելու:
Շնորհավորանքներին միացան նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և զորամասերի հրամանատարական կազմը: