Ուսուցիչների աշխատավարձի նվազում չի եղել․ ԿԳՆ-ն պարզաբանում է
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունվարից մանկավարժների աշխատավարձի փոփոխություն չի կատարվել:
Զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար շրջանառվող տեղեկությունները, թե ուսուցիչների աշխատավարձը հունվարի 1-ից նվազել է, չեն համապատասխանում իրականությանը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան ուղարկել է շրջաբերական-գրություն, որում առաջարկվել է իրենց ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարել` դպրոցի 2018 թվականի բյուջեն պլանավորելիս առաջնորդվել այն սկզբունքով, որ ուսուցիչների աշխատավարձերի իջեցում չլինի: Նույն հանձնարարականը տրվել է նաև ԿԳՆ ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների տնօրեններին:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է բոլոր ուսուցիչներին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ կոնկրետ դեպքերի առկայության դեպքում փաստարկված տեղեկատվություն ներկայացնել նախարարություն կամ համապատասխան պետական լիազոր մարմին՝ բացառելով անհարկի շահարկումները: