Քոչարյանը խոսեց.թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար.2rd.am
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջապես խոսեց: Տարվա նախավերջին օրը Քոչարյանը հարցազրույց է տվել 2rd.am-ին: Ի դեպ, հարցազրույցի շարունակությունը կայքը կթողարկի գալիք տարին: Այժմ ներկայացնում ենք Քոչարյանի հարցազրույցը ամողջությամբ:
-Պարոն նախագահ, չնայած մոտենում են Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոները, հանրությունը եւ մամուլը շարունակում են քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի օրերս անցկացրած մամուլի ասուլիսը: Հետաքրքիր է իմանալ՝ հնչե՞լ են արդյոք այդ ասուլիսի ընթացքում այնպիսի պատասխաններ կամ մեկնաբանություններ, որոնք գրավել են Ձեր ուշադրությունը:
-Այսօր կկենտրոնանամ մի դրվագի վրա: Իմ ուշադրությունը գրավեց վարչապետի տված պատասխանը լրագրողի հարցին՝ հանրապետությունում արդեն հինգ տարի շարունակվող շինարարական ծավալների անկման պատճառների մասին: Քանի որ վարչապետի բացատրությունը ոչ մի ընդհանուր բան չուներ իրականության հետ (ինչպես եւ այդ մամլո ասուլիսում հնչած շատ այլ բացատրություններ), ես կփորձեմ ինքս պատասխանել այդ հարցին:
Այսպիսով, ինչու՞ են շինարարության ծավալները հինգ տարի անընդմեջ անշեղորեն անկում ապրում:
1. Բնակչության մասսայական ելքը Հայաստանից (թվերը չեմ նշում, որպեսզի չփչացնեմ բոլորի տոնական տրամադրությունը): Հեռանում են նոր բնակարանների պոտենցիալ գնորդները՝ կրճատելով պահանջարկը անշարժ գույքի շուկայում: Դրա հետ մեկտեղ, հեռացող ընտանիքների բնակարանների մի մասը անխուսափելիորեն հայտնվում է երկրորդական շուկայում՝ ձեւավորելով առաջարկի ավելցուկ: Անշարժ գույքի պահանջարկի եւ գնի անկումը լրջորեն խաթարել են շինարարության ոլորտի ներդրումային գրավչությունը: Թվարկված պատճառներով էլ չի գործում հետաձգված բնակարանային պահանջարկի էֆեկտը 2009 թվականի ճգնաժամի սուր փուլից հետո:
2. Հիփոթեքային վարկավորման պայմանների նշանակալի վատթարացումը, եթե դեռ կարելի է այն հիփոթեք կոչել: Պարզապես համեմատեք 2004-2007 թվականների եւ այսօրվա պայմանները, եւ կհասկանաք, որ խելքը գլխին ու սթափ մտքով մարդկանցից քչերը կհամարձակվեն օգտվել այդպիսի “հիփոթեքից”: Եվ սրանում բանկերը մեղք չունեն: Նրանք այդպես են արձագանքում տնտեսության ընդհանուր իրավիճակին եւ գրավադրված անշարժ գույքի խնդրահարույց լիկվիդայնությանը: Հավելեք այս ամենին նաեւ աղքատ բնակչության էական աճը, մարդկանց, ովքեր երազել անգամ չեն կարող բնակարան ձեռք բերելու, էլ չասենք՝ հիփոթեքից օգտվելու շանսերի մասին:
3. Մեր քաղաքացիների տրամադրությունը: Ապատիան, անելանելիության զգացումը, երկրի հեռանկարի նկատմամբ հավատի բացակայությունը այն աստիճանի են հասել, որ դառնում են մարդկանց վարքագծի եւ մոտիվացիայի վրա ազդող կայուն գործոն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մնացած բնակչության ուղիղ 40 տոկոսը մտադիր է ընդմիշտ տեղափոխվել այլ երկիր առաջին իսկ հնարավորության դեպքում: Հեռանալուն հակված մարդը երբեք անշարժ գույք ձեռք չի բերում այն երկրում կամ քաղաքում, որն ուզում է լքել: Նույնը վերաբերում է նաեւ նոր բիզնես ձեռնարկելուն:
Ահա սրանք են շինարարության ծավալների կայուն անկման հիմնական պատճառները: Ամեն ինչ ավելի քան պարզ է ու հասկանալի (բայց ոչ՝ մի քանի հատուկ “շնորհալիների” համար): Եվ սրա մեղավորը նախորդ կառավարությունը չէ, եւ ոչ էլ հաստատ՝ ինչ-որ այլմոլորակայիններ: Ճգնաժամն էլ արդեն վաղուց կապ չունի:
Այնպես որ պատասխանատվությունից այստեղ հնարավոր չէ խուսափել: Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել: Եթե հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի կառավարության եւ ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է:
Հավանաբար, գործ ունենք բանականության եւ բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ: Ամեն դեպքում, թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: