24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հեղափոխությունը մնաց օձի փորում.2013թ-ը՝ Henaran.am-ի աչքերով

Անցնող Օձի տարին սկսեցինք քաղաքական թոհուբոհով` նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրմամբ: Օձի թույնն էր թերեւս շատ, որ քաղաքական գործիչները չկարողացան զսպել իրենց եւ հունվարի 31-ի երեկոյան մահափորձ կատարվեց ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ: Հետո պիտի բացահայտվեր, որ մահափորձի պատվիրատուն մեկ ուրիշ թեկնածու է` էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Ամեն դեպքում, նախագահական ընտրությունները չհետաձգվեցին եւ 2013թ-ի փետրվարի 18-ին կայացած քվեարկությանը 7թեկնածուներից ընտրողների 58 տոկոսը նախընտրել էր ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին:

Հաջորդեց “Բարեւի” հեղափոխությունը. 37 տոկոս քվե ստացած “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնիսկ հացադուլ հայտարարեց: Իսկ մինչ այդ, նրան նախագահի նստավայրում ընդունեց Սերժ Սարգսյանը:

Դռնփակ հանդիպման մանրամասները այդպես էլ չհրապարակվեցին: Այնուամենայնիվ, “Նոր Հայաստան” կերտող Րաֆֆի Հովհաննիսյանը երդվեց ապրիլի 9-ին`”Ապահով Հայաստան” նախընտրական ծրագիրն իրականացնող Սերժ Սարգսյանի հետ:

Նոյեմբերին էլ իր հեղափոխական մտքերով աչքի ընկավ “Ցեղակրոն” կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը: Ազատության հրապարակում անկարգություններ դրդելու համար նա եւ եւս 12 հոգի այսօր դեռ կալանավորված են:

Մայիսի 5-ին էլ Երեւանի ավագանու հերթական ընտրություններն էին: Այստեղ էլ ՀՀԿ հաղթանակ տոնեց, քաղաքապետ ընտրվեց Տարոն Մարգարյանը: Տարվա ընթացքում լարված ու հակասական էին իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի  եւ իրեն “այլընտրանք” հայտարարած ԲՀԿ-ի փոխհարաբերությունները:

Ամռանը պաշտոնին հրաժեշտ տվեց Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանը: Վերջինիս տան մոտ հունիսի 1-ին սպանվեց գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ հրամանատար Արտակ Բուդաղյանն ու Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը վիրավորվել էին: Ավելի ուշ կալանավորված Սուրիկ Խաչատրյանի որդին Տիգրանն ու նրա մյուս թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանն ազատ արձակվեցին: Նախաքննական մարմինը գտավ, որ վերջիններս ինքնապաշտպանվել էին:

Իր գյուղում՝ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում սպանվեց նաեւ գյուղապետ դաշանակցական Հրաչ Մուրադյանը: 9 ամիս կալանքի տակ մնալուց հետո՝ տարեվերջին ազատվեց սպանության գործով մեղադրվող, Հրաչ Մուրադյանի համագյուղացի Արայիկ Պետրոսյանը:

Փոփոխություններ կատարվեցին արդարադատության ոլորտում. Գլխավոր դատախազ նշանակվեց Գեւորգ Կոստանյանը, փաստաբանների պալատի նախագահ ընտրվեց Արա Զոհրաբյանը, սկզիբը դրվեց  քննչական միասնական մարմնի ձեւավորումը՝  նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի ղեկավարությամբ: Տարեվերջին էլ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց արտահերթ զեկույցը, դատավորներին մեղադրելով կոռուպցիայի մեջ:

Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ աննախադեպ համաներում հայտարարվեց. ազատ արձակվեց ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, ով մեղադրվում էր պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ վառելիք յուրացնելու մեջ: Չնայած պաշտոնեական դիրքը չարաշահած մեկ այլ պաշտոնյայի՝ Հովհաննես Թամամյանի վրա համաներումը չտարածվեց, բայց նա վաղաժամկետ ազատ արձակվեց: Կալանքի տակ է սոցիալական ապահովության վարչության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը:

Տարին անցավ բողոքի ակցիաներով. լարված էր պայքարը հատկապես տրանսպորտի սակագնի թանկացման որոշումից հետո: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստիպված էր վերանայել իր որոշումը եւ 150 դրամ սակագինը նորից դարձավ 100 դրամ:

Տարին նաեւ նշավորվեց այն փաստով, որ Հայաստանը ընտրեց Մաքսային Միությանը: Այս մասին սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը: Ի դեպ, կարելի է առանձնացնել նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան:

Անցնող տարում  ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում փոփոխություն կար: Նոյեմբերին երկու տարի ընդմիջումից հետո հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները:

Տարվա մարդկային կորուստներից առաձնացնենք շոումեն Մարկ Սաղաթելյանին, դերասաններ Սոս Սարգսյանն ու Ազատ Գասպարյանը: Ավտովթարից մահացավ դերասան Երվանդ Ենգիբարյանը: Կյանքից հեռացավ նաեւ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

Սիրելի դերասան Վարդան Պետրոսյանի վարած ավտոմեքենայի վթարի արդյունքում էլ մահացան երկու անչափահասներ: Պետրոսյանը կալանավորված է:

Սա էր Henaran.am-ի կարծիքով 2013թվականը՝ իր վայրիվերումներով: Տա Աստված, որ եկող տարին ավելի հանդարտ անցնի բոլոր ոլորտներում, մարդկային կորուստները քիչ լինեն, լինելու դեպքում էլ` թող որ ժամանակին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ