27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք պետք է հետևողական աշխատենք, պետք է լսելի լինենք աշխարհի համար. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու  նպատակի և ունեցած հանդիպումների  մասին կարճ հարցազրույց է տվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրին: Վարչապետի խոսքը ներկայացվում է ստորև.

-Կարծում եմ՝ Դավոսի տնտեսական ֆորումը կարևոր է, որովհետև այստեղ շատ հարթակներ կան, որտեղ խոսվում է այն մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնած է մարդկությունը, պետությունները, տնտեսությունները: Եվ սա շատ լավ հարթակ է, որտեղ դու կարող ես մտքեր փոխանակել, քո գաղափարներն առաջարկել, նաև լսել մյուսներին: Դա, կարծում եմ, գալիս է մեր այն  նպատակից, որ բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են բիզնեսի զարգանալուն, պետք է վերացնենք: Մենք, կարծում եմ, բավականին ամբիցիոզ բարեփոխումների ծրագիր ենք ձևակերպել, և 2017 թվականին որոշ մասը դրանցից կատարել ենք՝ լինի մաքսային, հարկային, պետություն-բիզնես շփում, սահմանի անցում, ավելացված արժեքի հարկի վերադարձ, թե այլ խոչընդոտներ, ինչպես նաև վարկային միջոցների տրամադրում, շուկաների բացում: Կարծում եմ՝ դրա մեջ  դեր է խաղացել ընդհանուր միջազգային ակտիվության գործոնը:

Վերադառնալով համաշխարհային տնտեսական համաժողովին, պետք է ասեմ, որ ունենք երկկողմ հարաբերությունների օրակարգ և բացի դրանից՝ այն պանելներում, որտեղ հանդիպում ենք, ունենք նաև երկկողմ հարաբերություններ, որոնք տեսախցիկից դուրս են մնում և որտեղ մենք քննարկում ենք մեր խնդիրները: Կարծում եմ՝ շատ հեռանկարային հանդիպումներ ենք ունեցել և դեռես կունենանք՝ օրակարգը դեռևս սպառված չէ:

Բոլոր հանդիպումներն էլ կարևորում եմ, որովհետև օրակարգը ձևավորվել է թե մեր, թե մյուս կողմի նախաձեռնությամբ: Հենց հիմա հանդիպել ենք UNDP-ի հետ, որտեղ խոսում ենք թե ընդհանրապես ինչ չափորոշիչներով, ինչ գաղափարներով պետք է աշխարհն առաջ շարժվի և, ինչպես գիտեք, մենք առաջին երկիրն ենք, որտեղ UNDP-ն ստեղծել է համապատասխան լաբորատորիա պետության հետ համատեղ: Հուլիսին մենք պետք է հաշվետվություն տանք ՄԱԿ-ի առջև, որտեղ ֆիքսելու ենք, թե մենք ինչ ենք արել: Մենք առաջարկել ենք նրանց, որպեսզի շատ համարձակ մտնեն Հայաստանի տարածք. մենք ներկայացնում ենք մեր պատկերացրած ռեֆորմները, իրենք առաջարկելու են իրենցը:

Վարչապետների հետ հանդիպումները նույնպես հեռանկարային են, որտեղ խոսում ենք հնարավոր երկկողմ զարգացումների հեռանկարների, ինչպես նաև բիզնեսի մասին: Շատ բիզնեսների ներկայցուցիչների հետ հանդիպումներ կան, որոնք չնախատեսված են: Այդտեղ նախաձեռնողներն իրենք են եղել, լսել են այն  հնարավոր աճի մասին, որը մենք սպասում ենք, ակտիվության մասին, և նաև մենք ենք փորձում իրենց մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի մեր երկիրը: Շատ հստակ մի բան կա, որը բոլորն ընդունում են, որ լինելով փոքր երկիր՝ ունենք  բավական հետաքրքիր  հնարավորություններ և արտոնյալ առևտրային ռեժիմներ՝ լինի դա ԵԱՏՄ-ն, որի անդամն ենք, ԵՄ-ն, որի հետ ունենք GSP+ ռեժիմ, լինեն Միացյալ Նահանգները, Շվեյցարիան, Կանադան, Ճապոնիան, Նորվեգիան: Մենք նման ռեժիմի մասին նաև խոսել ենք Սինգապուրի հետ՝ երկկողմանի հարկերի ազատման մասին, և շատ ինտենսիվ շարունակելու ենք այդ ծրագրերը հետագայում, որովհետև դա վերացնում է այն խոչընդոտները, որոնք կան, և կարծում եմ՝ մենք կունենանք արդյունքներ:

Բայց մենք պետք է չհոգնենք, հետևողական աշխատենք, պետք է լսելի լինենք աշխարհի համար, պետք է մեզ ներկայացնենք, որպեսզի այդ հետաքրքրությունն առաջանա: Դա հենց այնպես չի առաջանա: Հանգիստ նստելով՝ դեպի մեր երկիրը հետաքրքրություն չի առաջանալու:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ