«Դուք ստախոս մարդ եք».Դեդը՝ դատավորին
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը շարունակվում է առանց ամբաստանյալների և նրանց պաշտպանների ներկայության:
Արդեն հայտնել ենք, որ այսօր նախագահող դատավոր Արթուր Օհանյանը գործում ներգրավեց հանրային պաշտպանների:
Սանկցիայի ժամկետը լրանալուց հետո դատական նիստերի դահլիճ բերվեց Մարտիրոս Հակոբյանը (Դեդ): «Սասնա ծռեր»-անդամը նշեց, որ ինքը դատարանում անելիք չունի և փորձեց հեռանալ: Նախագահողը պահանջեց, որ նա մնա: Դատական կարգադրիչները փորձեցին կանխել Դեդին:
«Ստեղ դատարան չկա, իսկ Դուք ստախոս մարդ եք»,- դատավորին դիմեց Դեդը:
Դատավորը նրա նկատմամբ կրկին սանկցիա կիրառեց՝ դահլիճից հեռացնելով մեկ ժամով:
Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը: