Գազային գաղտնի պայմանագրեր չկան. վարչապետը պայմանագրերի մասին
Վերջերս ստորագրված գազային պայմանագրերը հաջողված պայմանագրեր էին: Այսօր 2013թ. ամփոփիչ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ վարչապետի, գազային գաղտնի պայմանագրեր գոյություն չունեն՝ ասաց գործադիրի ղեկավարը պատասխանելով հարցին, թե տեղեկություն կա, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի միջեւ գոյություն ունեն շուրջ 20 պայմանագրեր, որոնց բովանդակությունը հայտնի չէ: Նա նշեց, որ նման տեղեկություն տարածողը թյուրիմացության մեջ է գցում, թե գոյություն ունի 20 գաղտնի պայմանագիր:
“Առաջին անգամ Ձեզնից եմ լսում, այդպիսի տեղեկատվություն տարածելը խիստ վտանգավոր է, քանի որ իրականությանը չի համապատասխանում”,- ասաց վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ ն գազային պայմանագրերը հաջողված պայմանագրեր էին, որոնցով ՀՀ-ն ստացել է արտոնյալ պայմաններով գազ ստանալու հնարավորություն. քաղաքացիները, տնտեսվարողները երաշխավորված են: Ըստ նրա՝ այն թանկացումներից, տատանումներից, որոնց առնչվել են Մոլդովան, Բելառուսը, մենք երաշխավորված ենք:
“Չեն լինելու տատանումներ, այս պայմանագրերը խաղի կանոններն են երաշխավորել: Պարզապես սպեկուլյացիան մեծ է: Պայմանագրերի բովանդակությունը հետեւյալն է. որ մոտակա հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում գազի գինը ձեւավորվելու է ՌԴ-ում ներքին սպառողի համար նախատեսված գազի գներին համապատասխան: 30%-անոց մաքսատուրքերը ՀՀ քաղաքացիների նկատմամբ չեն կիրառվելու. սա մեր բանակցային բուն առարկան էր:
Ինչու չէինք հայտարարում գազի գների մասին. որովհետեւ “Գազպրոմի” կողմից մեզ առաջարկված սականգներն անընդունելի էին: Այնպիսի բեռ էր լինելու, որ մենք ի վիճակի չէինք լինելու բեռի տակից դուրս գալ՝ ամեն տարի գազի գինը պետք է բարձրանար՝ հասնելով 310-340 դոլարի սահմանին:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են բազմաթիվ ձեւեր, եղանակներ, մեթոդներ՝ ինչպես այս հարցը լուծել: Այդ բանակցությունները հնարավոր եղավ ավարտել այս տարի, երբ մենք բոլոր հարցերի շուրջ համաձայնության եկանք”,- ասաց Տիգրան Սարգսյանը:
“Գնահատման բոլոր մեթոդները ցույց են տվել, որ 150 մլն դոլարը 20 տոկոսի համար շատ ընդունելի տարբերակ է: Դրա համար մենք համաձայնեցինք, որ կարող ենք դա զիջել՝ հաշվի առնելով առանձնահատկությունը, որ “ՀայՌուսգազարդի” շահութաբերության մակարդակը բարձր չէ, մեծ ներդրումներ պետք է կատարվեն: Այդ 20 տոկոսից դիվիդենտներ չենք կարող ակնկալել, իսկ այդ դաշտն ամբողջապես գտնվում է կարգավորման ոլորտում”,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով, 20%-ի զիջումը որեւէ վտանգ չի ներկայացնում, քանի որ բոլոր որոշումները ՀՀ-ի համար վերահսկելի են լինելու, ավելին՝ դրանք համաձայնեցվելու են հայկական կողմի հետ: Ուստի, նրա գնահատմամբ, սա լավագույն որոշումն է՝ մանավանդ որ ռուս գործընկերները համաձայնեցին, որ իրենց վրա են վերցնում 150 մլն ճեղքվածքի փակումը: