«Գուգո, Շերիֆ, Էդգար…չգիտենք ովքե՞ր են սրանք».Նիկոլ Փաշինյանը մեղադրում է
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 22-ին շարունակվում է «Զիբիլիքս» անունը կրող փաստաթղթերի հայտնաբերման վերաբերյալ ՀՔԾ-ում քննված եւ կարճված քրեական գործը:
Նշենք, որ «Զիբիլիքս» անունը կրող քրեական գործը հարուցվել էր Երեւանի ավագանու ընտրություններից օրեր առաջ՝ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Արաբկիրի շտաբի դիմաց հայտնաբերված փաստաթղթերի հանգամանքով: Փաստաթղթերում տեղեկություններ կային այն մասին, որ ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները պետք է քվեարկության օրն ընտրեին Երեւանի գործող քաղաքապետին: ՀՔԾ-ում քննված եւ կարճված գործի դեմ բողոք է ներկայացրել «Ելք» դաշինքը:
Նիկոլ Փաշինյանը դատական նիստի ընթացքում փորձում է հիմնավորել իր բողոքը և նշում է , որ փաստերը ոչնչացնելու ձգտումը հասնում է աբսուրդի:
Նա նշում է, որ ժողովի խզբզոց պարունակող թուղթ կար իր ձեռքին.«Սա ժողովի խզբզոց է ու «ՍԱՍ» ընկերության բլանկի վրա: Հանգամանքներ կան, որ պետք է պարզվեն: ՀՔԾ-ն ըստ էության քննություն չի տարել: Ջնջված են գործին առնչվող ձայնագրություններն ու տեսագրությունները: Հիմա հարց. Հարգելի դատարան. Այսքան անունները, հեռախոսահամարները ինչի՞ համար են: Այս բոլոր տվյալները արդյոք ճիշտ են: Ո՞վ կարող էր այսքան ինֆորմացիայի տիրապետել: Համոզված ասում եմ, որ քննիչը հարցաքննության չի հրավիրել բոլոր այս անձանց: Արմեն Ազոյանին հարցաքննության են կանչում և հարց չեն տալիս՝ քո մասով թղթի վրա գրված է՝ Անուշին ու Հայկին միասին կանչել, ովքե՞ր են Անուշն ու Հայկը: Թղթերի մեջ գրած է ՝ Գուգո, Շերիֆ, Էդգար…չգիտենք ովքե՞ր են սրանք»:
Նիկոլ Փաշինյանը ընդգծում է, որ ՀՔԾ քննիչը փաստերին չի անդրադարձել:
Դատական նիստը շարունակվում է և Նիկոլ Փաշինյանը շարունակում է ներկայացնել իր հիմնավորումները: