Ո՞վ է ՀՀ նախագահի թեկնածուի կինը. Հրապարակ
«ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը լրագրող է, բանասեր, մանկագիր՝ հեքիաթներ է գրում: Երկու որդիների մայր (Վարդան և Հայկ Սարգսյաններ), երեք թոռների տատ և ազգությամբ ամերիկուհի հարսի սկեսուր Նունե Սարգսյանի գրչի արգասիքներն անգլիական ու հայկական մշակույթի հետաքրքիր համակցություն են, որտեղ հերոս վիշապներն անգամ կարող են բարի ու գունագեղ լինել, և բարին ավանդաբար հաղթում է չարին:
Նրա հեղինակած հեքիաթները փոխադրվել են հայերենի մի շարք բարբառներով ու ներկայացված են ՀՀ գրեթե բոլոր գրադարաններում: dailymail.co.uk պարբերականը 2016-ին հարցազրույց էր տպագրել լոնդոնաբնակ դեսպանի կնոջ հետ: Զրույցը, որը ծավալվել է Թեմզային նայող Սարգսյանների տան հյուրասենյակում, և որը քաղցրացրել են արծաթե սկուտեղով մատուցված բալն ու ձմերուկը, շատ բան է պատմում դեսպանի (ՀՀ ապագա առաջին տիկնոջ) ճաշակի ու աշխարհընկալման մասին: Նա ունի «Լինլի» կահույքի հավաքածու և մտերմիկ հարաբերություններ դիզայների՝ Լորդ Դեյվիդ Լինլիի՝ Թագուհու զարմիկի հետ:
Դեսպանի տիկնոջ հետ զրուցած Շառլոտ Փիրսոն Միթվեն փոխանցում է իր տպավորությունները Նունե Սարգսյանի մասին՝ նա ցուցամոլ ոչինչ չունի, «անչափ կիրթ և քաղաքավարի է, որպեսզի դրամի մասին խոսակցություն վարի, և ամեն ինչին վերաբերվում է հանգիստ՝ արժանավայել գնահատանքով»:
«Նունեն և Արմենը հանդիպել են Հայաստանի մայրաքաղաք Երևանի դպրոցներից մեկում, երբ Նունեն 14 տարեկան էր, Արմենը՝ 15: Նրանք մեծացել են խորհրդային վարչակարգի խստաշունչ պայմաններում. Նունեն հիշում է, որ թեև կյանքը ճնշող էր, սակայն ապահով և ստեղծագործ տաղանդը սնուցվում էր…»: «Հայրս լրագրող էր, մայրս՝ ուսուցչուհի, ուստի մենք մտավորականության մի մասն էինք: Այնժամ մեր հասարակությունում դասակարգեր չկային, կային պարզապես շերտեր, և մենք երկրորդ շերտում էինք՝ նոմենկլատուրայից հետո, որին պատկանում էին քաղաքական գործիչները և բարձրաստիճան պաշտոնյաները, ում հասանելի էին արտասահմանյան ապրանքները և ճամփորդությունները: Մենք հարուստ չէինք, սակայն կրթված էինք և բավական գումար ունեինք սնվելու ու հագնվելու համար: Ես երբեք զրկվածության զգացում չեմ ունեցել: Իմ մանկությունը վատ չի եղել… Կար զգացում, որ մեզ մշտապես հետևում են: Մայրս մեզ ասում էր, որ զգուշ լինենք: Անեկդոտներ չպատմենք, քանի որ պատերն էլ ականջներ ունեն: Այդ զգացումը մանկուց ի վեր եղել է: Դա երբեք մոռանալ չի կարելի: Վախն ամենուր էր՝ դրա վրա էր հիմնված վարչակարգի երկարակեցությունը»,- dailymail.co.uk -ի հետ զրույցում պատմել է Ն. Սարգսյանը:
Նա խոստովանել է, որ ամեն ինչով նպաստել է ամուսնու կարիերային և լիուլի ըմբոշխնում է ընտանեկան կյանքը, զգում, որ իր ամեն զոհողություն լիովին արդարացված է: «Կարծում եմ՝ իմ որոշ երազանքներ զոհեցի հանուն ընտանիքիս բարեկեցության: Սակայն երբեք չեմ զղջում դրա համար: Երկու գեղեցիկ որդի ունեմ, որոնք խելացի են և հեռատես: Եթե կյանքում ունեցել եմ հիասթափություններ, ապա աշխատել եմ ի ցույց չդնել դրանք: Շատ դժվար է փոխհարաբերություններում գտնել ճիշտ բալանս: Արմենն ուժեղ է, ես էլ եմ ուժեղ: Հնարավոր էր բախում տեղի ունենար, բայց ես թույլ տվեցի նրան լինել մեր առաջնորդը, և նա գնահատում է դա: Նա միշտ ասում է, որ առանց ինձ ոչնչի չէր հասնի»,- ասել է Ն. Սարգսյանը: Նա սիրում է ինտելեկտուալ դետեկտիվներ, սիրած մանկական գրականությունը Դոկտոր Զեուսի և Ռոալ Դալի ստեղծագործություններն են, ինչպես նաև հայկական ժողովրդական հեքիաթները:
Արձակուրդի սիրած վայրը, բացի Հայաստանից, Սարդինիան է, Ճապոնիան, որի մինիմալիստական արվեստն ու մշակույթը հոգեհարազատ են իրեն: Սիրած ուտեստը՝ մանրացրած ընկույզով, կարմիր լոբով ապուրը, նաև գառնուկի միսը՝ տապակած սերկևիլով և լոլիկով: Ամենաթանկարժեք ունեցվածքը համարում է անգլիական բուլդոգ Քոլոյին»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: