Կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ
Վերջերս մամուլը գրեց՝ ՀՀԿ-ում քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ օրերս մայրաքաղաքի ծայրամասային ռեստորաններից մեկում գեներալները հանդիպում են անցկացրել, որին մասնակցել է նաև Սեյրան Օհանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, փոխնախարար Արա Նազարյանը եւ այլ ազդեցիկ անձինք։ Այս շրջանակների համակրանքը վայելող, պաշտպանության նախարարության հավանական թեկնածուն Արտակարգ իրավիճակների գործող նախարար Դավիթ Տոնոյանն է։ Ըստ մամուշում ծրջանառվող լուրերի՝ իշխանական բուրգում խոսվում է, որ որպես ՀՀ պաշտպանության նախարարի հաջորդ թեկնածու այդ շրջանակների համար դիտարկվում է ՊՆ առաջին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Իսկ պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանն, ըստ շրջանառվող լուրերի, կհայտնվի ԱԳՆ-ում։ Չի բացառվում նաև, որ նա նշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղար։
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ նախ պետք է հիշել, որ ոչ թե գեներալներն են որոշում, թե ով պիտի լինի պաշտպանության նախարարը, այլ հանրապետության նախագահը․ գոնե Սահմանադրությամբ այդպես է։ «Պառլամենտական համակարգին լիակատար անցում տեղի կունենա ապրիլի 9-ի դրությամբ։
Տեղի կունենա նոր նախագահի ընտրություն, նոր վարչապետի նշանակում։ Կարելի է հավանական համարել, որ տեղի կունենան ինչ-ինչ նոր նշանակումներ նախարարների պաշտոններում կամ վերանշանակումներ կամ փոխատեղումներ․․․ Այո՛, իշխանությունը կարող է գնալ նաև նման քայլերի։ Այլ բան ավելացնել այստեղ, կլինի ուղղակի ենթադրությունների ոլորտից, բայց փաստերի վրա հիմնվածն այնքանն էր, ինչքանն ասացի», – նշեց Ռուբեն Մեհրաբյանը։