Մինչև հունվարի 20-ը տրանսպորտը չի թանկանա
Երևանի քաղաքապետարանում մեկնարկեց ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը: Նշվեց, որ հունվարի մեկից կամ դրան հաջորդող օրերին տրանսպորտը չի կարող թանկանալ, քանի որ դեռևս հաշվարկները լիարժեք արված և ուսումնասիրված չեն:
“Այդ մասին հնարավոր է խոսել միայն հունվարի վերջին:Տարածված լուրերը, թե տոներին հնարավոր է ուղևավարձերի թանկացում չի համապատասխանում իրականությանը”,-տեղեկացրեց փոխքաղաքապետ, հանձաժողովի նախագահ Վահե Նիկոյանը:
Քննարկումները ընթացքում ուղևորափոխադրող ընկերությունները ներկայացրին բարեփոխումների իրենց նախագծերը:
Նիկոյանը նշեց նաև, որ վարորդների վարքագիծը նույնպես ներառված է իրենց քննարկումներում.”Վարորդները պիտի սափրված լինեն, պիտի սահմանափակվի ծխելու և բջջային հեռախոսից օգտվելու հանգամանքը: Դրա համար նրանք կլրացնեն հարցաթերթիկներ, ինչպես նաև կտեղադրվեն գաղտնի տեսախցիկներ, որոնց միջոցով հնարավոր կլինի վերահսկել վարորդների վարքը”:
Նիկոյանը նշեց, որ գաղտնիության պայմաններում իրականացվել են հետազոտություններ, որոնցով ուսունասիրվել է ուղևորահոսքի խնդիրները: Առանձին հարցումներ ուղևորներին չեն արվել, քանի որ ուսումնասիրությունները դեռ շարունակվում են և դեռ պետք է պարզել, թե որոնք են խոցելի խմբերը` ուսանողները, թոշակառուները, բազմազավակները և այլն: