Միայնակ Գայլին վիրահատել են. նա պահվել է անմարդկային պայմաններում
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Փաստաբանի փոխանցմամբ` վիրահատությունը կապված է եղել երիկամների հետ։
«Վիրահատությունը կապված է եղել երիկամների ցավերի հետ, որքան գիտեմ նրան արդեն խուց են տեղափոխել: Ոչ թե շնորհակալություն պիտի հայտնեմ, որ վիրահատությունը ի վերջո կատարեցին, այլ փաստն արձանագրենք, այն անմարդկային պայմանները, սառը խցում պահելու հետեւանքները շատ կարճ ժամանակում ի հատ եկավ, որի վերաբերյալ բավականին երկար ժամանակ բարձրաձայնում էինք»,- նշեց պաշտպանը։
Պապիկյանը չի կարողանում տեսակցել իր պաշտպանյալին, քանի որ նախորդ դատական նիստին Խանդոյանը հրաժարվել էր իր պաշտպանից։
Պապիկյանը հայտնում է, որ Արայիկ Խանդոյանը պահվել է անմարդկային պայմաններում:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը դեկտեմբերի 29-ին տեղափոխվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախուց եւ 10 օր հացադուլ հայտարարել։