Քաղաքական գրիպից՝ մինչև իսկական գրիպ
Խորհրդարանի այս ամբիոնից սովորաբար խոսում ենք քաղաքական գրիպների սրացման մասին, ես այսօր անդրադառնալու եմ գրիպ հիվանդությանն ու հանրային առողջապահության դերի կարևորմանը։
Բժշկի իմ մասնագիտության շնորհիվ առողջապահական խնդիրները միշտ ուշադրությանս կենտրոնում են, և առանձնահատուկ հետևողականությամբ փորձում եմ արձագանքել դրանց, եթե կարիք կա, խնդիրների մասին տեղեկացնել հանրությանը կամ պատկան մարմիններին, լուծման ճանապարհներ առաջարկել։
Տարեսկզբից շրջանառվում են գրիպի համաճարակի վերաբերյալ լուրեր։ Մասնագետներն արդեն նշել են, որ այդ մասին խոսակցություններն ուռճացված են, համաճարակի մասին խոսք լինել չի կարող։ Ընդամենը սեզոնային գրիպ է, և արձանագրված դեպքերը նորմայի շրջանակներում են։ Այնուամենայնիվ, չի խանգարի, որպեսզի ավելի ուշադիր լինենք՝ խուսափելով վարակից։ Փաստ է, որ սեփական առողջության պահպանման համար շեշտն ավելի շատ պետք է դրվի կանխարգելման վրա, որպեսզի բանը հիվանդությանն ու դրա բուժմանը չհասնի։
Գրիպի պարագայում, չգիտես ինչու, մեզ մոտ ընդունված չէ կանխարգելիչ միջոցառումներ կիրառել՝ համարելով այն թեթև, ոտքի վրա անցկացվող տկարություն։ Թյուր կարծիք է, քանի որ այս հիվանդությունը նույնպես ունի իր բարդությունները, հատկապես երեխաների, տարեցների համար։
Մեզ մոտ պակասում է սեփական առողջության նկատմամբ հոգ տանելու կուլտուրան, բայց գոնե տարրական նորմերը պետք է պահպանվեն։ Հետևաբար սուր շնչառական հիվանդությունների տարածումը կանխարգելելու համար անհրաժեշտ է կիրառել մասնագետների խորհուրդները, ընդ որում դրանց հետևելը ամոթ չէ. մենք պետք է թոթափենք այդ անիմաստ բարդույթները։ Ամոթ է անուշադրության պատճառով վարակվելն ու մարդկանց վարակելը։
Մեզանում մեծ տեղ պետք է հատկացվի հանրային առողջապահության, սոցիալական հիգիենայի հարցերին։ Կարևոր է բնակչությանն առողջապահական խնդիրների մասին տեղեկացնելը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մարդկանց տանք իրենց առողջության պահպանման մասին գիտելիքներ և մասնակից դարձնենք նրանց կանխարգելիչ միջոցառումներին:
Իմ այս ելույթն էլ դիտարկեք հենց այդ համատեքստում։
Առողջություն բոլորին։
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին