«Սասնա ծռեր» -ը բոյկոտում են. չեն մասնակցի դատին
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:
Նշենք, որ նախորդ դատական նիստին «Սասնա ծռեր»-ի անդամները բոյկոտել են նիստը, ի աջակցություն իրենց հացադուլավոր ընկերների և լքել են նիստերի դահլիճը հրաժարվելով իրենց պաշտպաններից:
Պաշտպանները սակայն այսօր դատարան էին եկել: Լրագրողների հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ իրենք ըստ էության պաշտպանյալներ չունեն, քանի որ նրանք հրաժարվել են պաշտպանությունից:
«Մենք դատարանից նիստի օրվա և ժամի հետ կապված ծանուցագրեր ենք ստացել, ինչը անհասկանալի է»,-ասաց Լուսինե Սահակյանը:
Նախագահող դատավորԱրթուր Օհանյանը ընդմիջում հայտարարեց` մինչև փաստաբանները հավաքվեն:
Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը: