Բանակի համար հրապարակային գումարներ հավաքել չէ, մի՛ աղավաղեք. Շարմազանովը՝ Վիգեն Սարգսյանից
«Պետք է զերծ մնանք էմոցիոնալ գնատահատականներից, այն գայթակղությունից, որպեսզի իշխանության ներկայացուցիչներին, օրինակ Պաշտպանության նախարարին, քննադատելու համար ցակացած հումանիստական քայլ այլ տեսանկյունից ներկայացնենք։ Այս իմաստով ես որևէ գնահատական չեմ ուզում տալ, բայց կարծում եմ, որ պետք է կարողանա լինել մեր քրիոստոնեական արժեքին համապատասխան, որը գթասրտություն է պահանջում, ինչն էլ Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունն է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորին արտերկրում բուժում ստանալու համար դրամահավաք կազմակերպելու կոչից:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի կոչը մեծ արձագանք է գտել հանրային շրջանակներում: Նախարարը կոչ էր արել ֆինանսապես օգնել վիրավոր զինծառայողներից մեկին՝ բարդ վիրահատության կազմակերպման համար:
Շարմազանովը նկատեց, որ դրական է գնահատում, որ Վիգեն Սարգսյանը բացի ի պաշտոնե ունեցած պարտականությունները կատարելուց զբաղվում է նաև դրամահավաքով։ «Կոչ եմ անում չաղավաղել փաստերը: Դա բանակի համար հրապարակային գումարներ հավաքել չէ, մի՛ աղավաղեք»,-հորդորեց նա։
ԱԺ փոխնախագահը նշեց, որ ՀՀ-ում նույն վիրահատություն իրականացնելու միջոցներ ունեն, բայց քանի որ զինվորի ծնողները ցանկանում են այն արտերկրում իրականացնել, դրա համար մեծ գումար է անհրաժեշտ, իսկ Պն-ն ձեռքերը չի լվացել ու փորձում է օգնել։ Շարմազանովը նաև անդրադարձավ 1000 դրամների նախաձեռնությանը՝ նշելով, որ որևէ մեկը չի կարող ասել, որ դրանից մեկ լումա անգամ այլ նպատակով չի ծախսվում։
«Եզակի նախաձեռնություն է, ու որևէ մեկն այսօր չի կարող ասել, որ 1000-ական դրամների մի լումա ծախսվում է այլ նպատակներով։ Ամեն ինչ վերահսկվում է, ու սա ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ ՊՆ նախաձեռնությունը շատ ճիշտ նախաձեռնություն էր, ավելին, այսօր նախարարությունն ու նախարարը չեն արել մի քայլ, որ դրա համար դուք կարողանաք քննադատել», – նկատեց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար դրամահավաքին էր միացել՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը»։