Բան չարած՝ փնովում ենք, խայտառակում ենք Վիգեն Սարգսյանին. Ս. Սարոյան
«Դուք կպել եք Վիգեն Սարգսյանին, չեք պրծնում, էն օրն էլ մի լրագրող բռնել գրել ա` մթոմ քեֆ ենք արել, քննարկում ենք արել, ամոթ է, դրանք բամբասանքներ են»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորին արտերկրում բուժում ստանալու համար դրամահավաք կազմակերպելու կոչից:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար կոչը մեծ արձագանք է գտել հանրային շրջանակներում: Նախարարը կոչ էր արել ֆինանսապես օգնել վիրավոր զինծառայողներից մեկին՝ բարդ վիրահատության կազմակերպման համար: Սարոյանը նշեց՝ տեղյակ չէ այդ դրամահավաքից: «Ես խաբար չեմ, չեմ կարող պատասխանել, բայց դուք կարող եք մոգոնել, որ երկու ընկերոջ կռվացնեք, ինձ էլ վկա եք բերում:
Մի հատ Պաշտպանության նախարար ունենք, էտ էլ չհարգե՞նք: Եկեք, բանակին հարգենք: Նոր նշանակված նախարար է, 7 տարվա էլ ծրագիր է գրել, ընկել ենք էս տղու հետևից, էնքան ենք անելու, մինչև զզվացնենք, որ էլ չաշխատի: Բան չարած՝ փնովում ենք, խայտառակում ենք: Պաշտպանության նախարարից չենք վախենում, Կաթողիկոսից չենք վախենում, գոնե Աստծուց վախենանք»: