03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Չեմ կարողանում ներել նրանց, ում ապագայի համար մենք կյանք էինք տալիս

Վերջերս մի առիթով զրուցում էի մի ուսուցչի հետ, ով երեսուն տարուց ավել աշխատել է դպրոցում: Ես ցնցված մնացի նրա կերպարով, նրա տեսակով և նրա անցած ուղով: Ուսուցիչ, ով պատերազմի ժամանակ աշխատելով դպրոցում, ամբողջ շաբաթը դասավանդում էր խտացված ժամերով, ստանում էր ամսեկան ընդամենը երկու հազար դրամ: Ի՞նչ կարող է մարդ անել մեկ ամիս երկու հազար դրամով:

Երկու շաբաթ հաց չի կարող գնել անգամ: Սակայն նա դա անում էր կամավոր: Հավատացեք, ուսուցիչը, ով աշխատում էր դպրոցում երկու հազար դրամով, նա կարող էր այդ էլ չստանալ, բայց աշխատեր:

Եվ կարող ե՞ք պատկերացնել. Այդ նույն ուսուցիչը հիմա, երբ պատերազմի ավարտից անցել է արդեն 20 տարի, ստանում է ընդամենը երեսուն հազար դրամ աշխատավարձ` նվազագույն աշխատավարձից էլ ցածր:

Այն հարցին, թե ինչպես էիք կարողանում երկու հազար դրամով աշխատել ու ապրել, նա պատասխանեց. «Ինչպե՞ս, ինչպե՞ս էս նման բան հարցնում: Երկիրը պատերազմի մեջ էր: Պատկերացնում ես, եթե մենք հրաժարվեինք դասավանդել, եթե երախաները մնային առանց կրթության, ինչպես պետք է անկիրթ սերունդով երկիր գոյատևեր: Մի երկիր, որը դեռ նոր էր անկախացել, որը երեխայի պես ասես նոր կյանք էր մտնում: Ես ինձ զգում էի պատերազմի մասնակից. իմ զենքն իմ գիտելիքն էր, որ առատորեն տալիս էի երեխաներին: Պատկերացնու՞մ ես` թուրքն ինչպես կուրախանար, երբ իմանար` հայի զավակն ուսուցիչ չունի»:

Երբ նա խոսում էր, ես հասկանում էի, որ գործ ունեմ ազգի իրական հերոսի հետ: Նաև հասկացա, որ մենք այսօր դեռ շատ ունենք նման թաքնված հերոսներ:

Երբ նրան հարցրեցի` ի՞նչ էիք մտածում պատերազմի ժամանակ մեր երկրի ապագայի մասին, նա ասաց. «Մտածում էի, եթե եկել է այն օրը, որ դարեր անց արևն է նորից ծագել մեր երկրում, որ այսքան արագ անկախացանք և տարածքային ձեռքբերումներ ունեցանք, ապա դրանք կշարունակվեն:

Մտածում էի, որ դեռ մեր տարածքները շարունակ կմեծանան, որ կունենանք հզոր երկիր` թե տնտեսապես, թե քաղաքական, թե հոգևոր առումներով, սակայն երբեք չէի կարծի, որ մենք` ուսուցիչներս, երբ ցուրտ տարիներին մոմի լույսի տակ տետրեր էինք ստուգում, կազմում ու գրում հայրենասիրական միջոցառումների սցենարներ և երեխաներին հոգևոր լիցք հաղորդում, այդ նուն ժամանակ մեծանում էր ազգի կղանքը` լֆիկների, սաշիկների և մյուս նման անբարոյականների տեսքով”:

Նրա ամենաազդեցիկ բառերը սրանք եղան. ”Այսօր ուզում եմ մի սցենար գրեմ, կազմակերպեմ մի միջոցառում, ուժս չի հերիքում, հայրենասիրությունն իմ մեջ էլ է այրվել, չեմ կարողանում ներել նրանց, ում ապագայի համար մենք կյանք էինք տալիս, իսկ նրանք իրենց ապագայում անտեսեցին մեզ”:

 

Հովհաննես Բասենցյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ